Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որում նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Հանդիպումը տևել է 4 ժամ, այն կրել է դռնփակ բնույթ։ Նախագահների խոսակցությանը ռուսական կողմից ներկա է գտնվել միայն նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ով նախընտրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ մեկնաբանություն չտալ։
Известия-ն, վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի բարձաստիճան աշխատակիցներից մեկին, նշում է, որ ամենայն հավանականությամբ, Սոչիում Մեդվեդևը փորձել է Ալիևից ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու համաձայնություն։
Քաղաքական պլանում Մեդվեդևի համար չափազանց կարևոր է համարվում Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները մեռյալ կետից դուրս բերելը։ Մայիսին Դովիլում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում նա ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներից՝ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, ստացավ անհրաժեշտ լիազորություններ։
Ռուսաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան դիվանագետը վկայում է, որ կողմերը շատ մոտ էին հունիսի 24-ին Կազանում «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը. «Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջնորդական ջանքերի շնորհիվ ՝Բաքվին ու Երևանին մնացել էր բառացիորեն մեկ քայլ կատարել՝ միմյանց ձեռք սեղմելու համար։ Սակայն վերջին պահին Իլհամ Ալիևը հետքայլ կատարեց՝ առաջ քաշելով 10 նոր ուղղումներ։
Ադրբեջանին ամենաշատը մտահոգել է այն կետը, որն առնչվել է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի հստակեցումը։ Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի «ճանապարհային քարտեզի» մշակողների մտահղացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է հստակեցվեր հանրաքվեի միջոցով։ Բնականաբար, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում այն, թե տվյալ տարածքում մեծամասնություն կազմող հայերն ինչպես կքվեարկեն հանրաքվեի ժամանակ։ Դրա համար էլ Բաքվի մոտ հարցեր են առաջացել»։
Այնուամենայնիվ, երկկողմ հանդիպման արդյունքներով՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հրապարակավ խոստովանեցին, որ բոլոր ուղղություններով նկատվում է դրական և լավ դինամիկա։









































