Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի իշխանությունների միջև կրակի դադարեցման ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել ուրբաթ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան և արտասահմանյան աղբյուրներին։
Աղբյուրների հաղորդմամբ՝ Եգիպտոսի իշխանություններն առաջընթացի են հասել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում։ Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրները նշում են, որ Իսրայելի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ հրեական պետության իշխանությունները մոտենում են իրենց նպատակներին։
Ավելի վաղ ՖԱԹՀ շարժման կենտկոմի գործադիր քարտուղար Ջիբրիլ Ռաջուբը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել 24 ժամվա ընթացքում։ Իր հերթին Axios պորտալը՝ հղում անելով իսայելական կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ պաղեստինցի արմատականների դեմ ռազմական օպերացիայի ավարտի համար Իսրայելին հարկավոր է ևս մի քանի օր։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը հրթիռակոծություններ են սկսել մայիսի 10-ից։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 250-ը, որից 227-ը՝ Գազայի հատվածում։ Զոհերից ավելի քան 60 երեխաներ են, 30-ից ավելին՝ կանայք։ Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ։








































