Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ ստեղծված սահմանային լարվածության շուրջ բանակցության առիթով պտտվում է համացանցային իրարամերժ տեղեկատվություն, որը ուղեկցվում է նաև նախկին կառավարող համակարգը ներկայացնող քաղաքական շրջանակների ինտենսիվ մեդիաօպերացիաներով, որոնց իսկության կամ կեղծ լինելու մասին պաշտոնական պարզաբանումներ էլ դեռևս չկան: Դրանք օրվա ընթացքում իհարկե կլինեն վստահաբար, կամ համենայնդեպս ըստ տրամաբանության՝ պետք է լինեն: Միևնույն ժամանակ համացանցում ակնառու է այն, որ կառավարող մեծամասնության ներկայացուցիչները բանակցային գործընթացի պայմաններում Հայաստանի շահի դեմ մեդիաարտահոսքերի համար մեղադրում են հենց նախկին համակարգը ներկայացնող շրջանակներին, որոնք տարածում են բանակցային ոչ պաշտոնական մանրամասներ: Այստեղ առաջանում է երկու հարց: Նախ, ինչպե՞ս են այդ մանրամասները հայտնի դառնում անձանց, որոնք չեն ներկայացնում կառավարությունը, ավելին, ներկայացնում են արմատական ընդդիմությունը, որն էլ գործում է քաղաքական նպատակների համար միջոցների առաջ խտրություն չդնելու սկզբունքով: Նրանք այդ տեղեկատվությունը ստանում են հայկական բանակցող պատվիրակությունից, ադրբեջանցիներից, թե՞ ռուսական միջնորդական կողմից, որը ներկայացնում է Արցախում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Մուրադովը: Նրա ներկայությունը բանակցությանը, որպես միջնորդ, ընդհանրապես հետաքրքիր թեմա է, անկախ, թե ինչպես ու ինչով է ի վերջո ավարտվելու այդ գործընթացը, կամ գուցե ավարտվել:
Այդուհանդերձ, ինչո՞ւ էր գեներալ Մուրադովը միջնորդ Իշխանասարում, որը ամենևին Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի չէ, այլ ՀՀ ինքնիշխան տարածք: Եթե խոսքը վերաբերեր այլ ռուսական բարձրաստիճան զինվորականի, ապա դա կլիներ հասկանալի: Ի վերջո, Հայաստանը կառավարության մակարդայում արձանագրել է Սյունիքում անվտանգային հարցերում ռուսական ներգրավվածության մասին, հետևաբար կարող է լինել որոշակիորեն տրամաբանական, որ կա ռուսական կողմի միջնորդական ջանք: Հատկապես նաև հաշվի առնելով հետպատերազմյան եռակողմ ձևաչափը: Բայց, Մուրադովը այնտեղ է, որովհետև պարզապես կողմերի հետ արդեն կոմունիկացիա ունեցող զինվորական է և այդ փորձը կօգնի նրան լինել առավել արդյունավետ միջնո՞րդ, ի տարբերություն որևէ այլ ռուսաստանցի զինվորականի, թե՞ Մուրադովը այնտեղ է, որովհետև գործընթացի օրակարգում են հարցեր, որոնք առնչվում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթներին: Արդյո՞ք ադրբեջանցիները դնում են դրա հետ կապված պահանջներ, որպես Հայաստանի սահմանից խաղաղությամբ հետ նահանջելու պայման: Այն, որ Բաքուն մեղմ ասած դժգոհ է Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունից և կանի առավելագույնը այդ ներկայությունն առնվազն մշտապես լարված քաղաքական ճնշման տակ պահելու համար, իհարկե Անկարայի հետ մեկտեղ, կասկածից վեր է: Բայց, Իշխանասարը այդ տիրույթո՞ւմ է, թե ոչ, իհարկե կիմանան միայն բանակցության անմիջական մասնակիցները: Եվ այս առումով էլ հատկանշական է, թե այդ մասնակիցներից հատկապես ումի՞ց են այդպիսի մանրամասներ իմանում և մամուլ նետում նախկին կառավարող համակարգի ներկայացուցիչները: Եթե իհարկե դրանք այսպես ասած հավաստի մանրամասներ են, ոչ թե մտացածին քայլեր, որոնցով պարզապես փորձ է արվում լուծել զուտ ներքաղաքական հարցեր, եթե իհարկե Հայաստանում այսօր կան զուտ այդպիսիք:








































