ԲԱՅԴԵՆԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՐԱԿՈՑԸ
Այս տարի ևս ապրիլի 24-ն ուղեկցվեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին քննարկումներով: Հիշենք, որ հենց ապրիլի 24-ի նախաշեմին էր, որ տեղի ունեցավ այդ դիվաագիտության այսպես ասած առաջին գիշերային պոռթկումը, երբ ցեղասպանության տարելիցի շեմին հրապարակվեց հայ-թուրքական հայտարարությունը ճանապարհային քարտեզի մասին:
Հետո, օգոստոսի 31-ին՝ 2009 թվականին, ևս մեկ գիշերային բռնկում տեղի ունեցավ և հրապարակվեց արդեն բուն քարտեզը: Իսկ մինչ այդ, ապրիլի 22-ին, Հայաստանի սկսած ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիան առաջին հարվածը հասցրեց հայությանը՝ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարելով ճանապարհային քարտեզի մասին և այդպիսով շեղելով համաշխարհային ուշադրությունը ցեղասպանության ճանաչման խնդրից: Դրանից հետո, 2010 թվականին, ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստանի նախագահ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Էրդողանին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հրավիրեց ԱՄՆ՝ միջուկային գագաթնաժողովի առիթով հանդիպելու համար: Դա 2010 թվականի ապրիլի կեսին էր:
Հանդիպումը մեծ հաշվով որևէ էական բան չփոխեց, բացի նրանից, որ հերթական անգամ հնարավորություն տվեց շեղվել ցեղասպանության ճանաչման թեմայից: Իսկ արդեն 2011 թվականի ապրիլին ընդառաջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները սառեցնելու մասին, այն բանից հետո, երբ Թուրքիան ամիսներ շարունակ չէր վավերացնում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված այդ արձանագրությունները, ըստ էության ցույց տալով, որ Եվրահանձնակատար Սոլանան իզուր էր ստորագրության արարողությունից հետո քաշքշում փոքր ինչ շվարած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այտերը:
Բարեբախտաբար Արձանագրություններն այլևս երկու երկրների օրակարգում չեն, բայց Սերժ Սարգսյանը համաձայնելով այդ Արձանագրությունների շուրջ բանակցություններ սկսսել մեծագույն վնաս է հասցրել պետության շահերին և պետք է ենթադրել, որ դրանք կարող են մի գեղեցիկ օր կրակել՝ ինչպես պատից կախված հրացանը Չեխովի մոտ: Իսկ եթե այդ հրացանը կրակի, հանկարծ, ապա առաջին հերթին դրանից կարող է «վիրավորվել» հայկական կողմը, որովհետև հայ-թուրքական արձանագրություններում ամենևին էլ միայն պատմաբանանների ենթահանձնաժողովի խնդիրը չէ, որ մտահոգիչ կարող է լինել հայկական պետական շահի համար:
Ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անբերանպաստ էին ոչ միայն առանձին ռազմավարական քաղաքական նշանակության դրույթներով, այլ նաև կառուցվածքով և վերջնարդյունքի հստակ ժամանակացույցի սահմանմամբ, որի խախտման դեպքում պետք է ենթադրվի որևէ պատասխանատվություն:
Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հարցը դառնում է հրատապ և կարող է դառնալ առարկայական, քան էր երեկ, ու անկասկած Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ է այս անգամ շատ ավելի պատրաստ լինել այդ զարգացումներին, որպեսզի գալիք գործընթացում պետական շահը ոչ միայն չստանա հեռանկարային հարվածներ, այլ կարողանա հետ բերել արդեն կորցրածը և նույնիսկ աչքի ընկնել սպասարկման արդյունավետությամբ:







































