ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո նշել է, որ սա կարևոր օր է ողջ հայության համար: Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
It is an important day for all Armenians. Following the resolutions adopted by US Congress in 2019, President Biden honored the memory of victims of the Armenian Genocide. The US has once again demonstrated its unwavering commitment to protecting human rights and universal values
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 24, 2021
«Սա կարևոր օր է ողջ հայության համար: 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերի համաձայն` նախագահ Բայդենը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր հաստատակամ հավատարմությունը մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գաղափարախոսությունները կենդանի են նաև այսօր:
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հանցավոր քաղաքականության զոհ դարձած 1,5 մլն նահատակների հիշատակին: Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գաղափարախոսությունները կենդանի են նաև այսօր, ինչի մասին են վկայում վերջին պատերազմի ժամանակ արցախահայության դեմ իրականացված վայրագությունները»,- եզրափակել է Փաշինյանը:
2021թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:









































