Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր սկսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Սոչի։ Այցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով է։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային այժմեական խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Բանակցությունների ժամանակ Մեդվեդևն ու Ալիևը առաջնահերթությունը տալու են նախորդ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար ածելուն։ Այդ պայմանավորվածություններն առնչվում են առևտրա-տնտեսական, էներգետիկ, ներդրումային-բանկային ոլորտներին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Մեդվեդևն ու Ալիևը միմյանց հանդիպել էին հունիսի 24-ին՝ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։







































