Օգոստոսի 1-29-ը ողջ իսլամական աշխարհը նշում է Ռամադանը, որի ընթացքում մուսուլմանները հանուն Աստծո ծոմ են պահում։ Իսլամական Ռամադանի մասին ավելի մանրամասն «Առաջին լրատվականը» զրուցեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արաքս Փաշայանի հետ.
«Ողջ իսլամական աշխարհն այս տարի Ռամադանը նշում է օգոստոսի 1-29 ընկած ժամանակահատվածում: Ռամադանն իսլամական լուսնային օրացույցի 9-րդ՝ սրբազան ամիսն է: Ռամադանը շարժական ամիս է, տևում է 29-30 օր: Քանի որ լուսնային օրացույցը գրիգորյան օրացույցից կարճ է 11 օրով, այդ իսկ պատճառով ամեն տարի Ռամադանը 11 օրով նահանջում է:
Նշված ամսվա ընթացքում մուսուլմանները ծոմ /արաբերեն՝ սոմ, թուրքերեն՝ ուրազա/ են պահում՝ հանուն Աստծո: Ըստ իսլամական ավանդույթի՝ Ալլահը իսլամի սուրբ գիրքը՝ Ղուրանը, մարդկանց առաջ բացահայտեց Ռամադան ամսին՝ հավատացյալներին ցույց տալով կյանքի ճշմարիտ ուղին: Առաջին հայտնությունը Մուհամմադ մարգարեն, ըստ ավանդության, ստացավ հենց Ռամադանի 10-րդ օրը՝ Նախախնամության գիշերը /Լելյաթ ալ-կադր/:
Ծոմապահությունն ամրագրված է իսլամական հավատքի հիմնասյուներում /Առքան ադ-դին/, ինչը բացահայտում է իսլամի բուն էությանը: Ծոմը մուսուլմանների հինգ գլխավոր կրոնական պարտավորություններից մեկն է, որոնցից են նաև՝ շահադան /միաստվածության և Մուհամմադի՝ Աստծո առաքյալը լինելու գաղափարի հաստատումն ու վկայումը/, աղոթքը /սալաթ կամ նամազ/, ուխտագնացությունը /հաջջ/ և ողորմածությունը /զաքաթ/:
Ծոմապահությունը սկսվում է վաղ առավոտվա կամ արևածագի /ֆաջր/ աղոթքով և տևում մինչև արևամուտի /մաղրեբ/ աղոթքը: Ծոմապահության ընթացքում՝ միայն ցերեկվա ժամերին, մուսուլմանները պետք է ձեռնպահ մնան սնվելուց, ջուր խմելուց, ծխելուց, նաև՝ ամեն տեսակ երկրային հաճույքներից և զվարճալիքներից: Այդ ժամերին նրանք պետք է աղոթեն /սովորականից ավելի շատ/, Ղուրան ընթերցեն, խորհեն Աստծո գաղափարի շուրջ: Սակայն արևամուտից հետո նրանց թույլատրվում է վերադառնալ բնականոն կյանք՝ մասնակցելով ճաշին /իֆտար/, որը սովորականից ավելի շուքով է կազմակերպվում:
Սրբազան ամսվա ընթացքում հավատացյալի ջանքերն ավելի շատ պետք է ուղղված լինեն դեպի ներս՝ սեփական անձի հոգևոր մաքրմանն ու ինքնակատարելագործմանը, բարի գործեր կատարելուն, մարդասիրությանը, նվիրագործությանը:
Ծոմապահությունը պարտադիր չէ փոքր երեխաների, ծերերի, հղի կանանց, հիվանդների, նաև՝ ճանապարհորդների /մուսաֆիրուն/ համար, սակայն մասնավորապես վերջիններս անպայմանորեն, տարվա մեջ մեկ այլ ամիս, իրենց պետք է նվիրեն ծոմապահությանը:
Ռամադանի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև դեկորացիաներին: Փողոցները, հասարակական և առևտրային վայրերը շատ հաճախ զարդարվում են: Երեկոյան ժամերին փողոցները շատ մարդաշատ ու լուսավոր են լինում:
Ծոմապահությանը հաջորդում է երեքօրյա՝ թերևս ամենամեծ իսլամական տոնը՝ Իդ ալ-ֆիտրը /Ուրազա բայրամ/, որը հայերեն կարելի է թարգմանել որպես Թաթախման տոն: Այդ օրերին մուսուլմանները սովորաբար նոր հագուստներ են հագնում, այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Սեղաններն աչքի են ընկնում յուրահատուկ և բազմազան ճաշատեսակներով, աղանադերներով և քաղցրեղենով:
Իսլամի պատմության ընթացքում Ռամադան ամսին պատերազմական կամ բողոքի ու հակազդեցության գործողություններն և կոնֆլիկտային իրավիճակները դադարեցվել են կամ հնարավորինս սահմանափակվել: Նման միտում իսլամական աշխարհում կա նաև մեր օրերում:
Ներկայումս առանձին մուսուլմանական երկրներում Ռամադան ամսի ծոմապահությունն ամրագրված է օրենքով, այնպես որ ցերեկվա ժամերին հասարակական վայրերում ծոմապահության խախտումը ոչ միայն տեղացիների, այլև՝ օտարերկրիացիների ու զբոսաշրջիկների կողմից, կարող է պատժվել օրենքով: Մուսուլմանական երկրներում տեղացի ոչ մուսուլմանները, շատ դեպքերում ի նշան հարգանքի, մուսուլմանների հետ շփումների ժամանակ հրաժարվում են սնվելուց և խմելուց:
Ռամադան ամսվա ծոմապահությունը, բացի կրոնականից, կարող է ունենալ նաև քաղաքական և սոցիալական նշանակություն: Ցանկացած իսլամական երկրում կամ միջավայրում ծոմապահութունը կարելի է դիտարկել որպես կրոնականացվածության ցուցանիշ: Ծոմապահությունը կարող է դառնալ նաև քաղաքական կամ սոցիալական բողոքի դրսևորման որոշակի ձև:
Հարկ է նշել, որ ծոմապահության արգելքներից բացի իսլամում կան նաև ամրագրված այլ արգելքներ, որոնք պարտադիր են հավատացյալների համար: Իսլամն արգելում է օգտագործել խոզի միս, ալկոհոլային խմիչքներ, զբաղվել մոլեխաղերով, վաշխառությամբ և այլն: Միևնույն ժամանակ, չպետք է կարծել, թե իսլամական երկրներում նշված արգելքների պահպանումը համատարած բնույթ է կրում»:
Ռամադանի մասին պատմող ֆոտոշարքը կարող եք դիտել մեր ԱԿԱՆԱՏԵՍ բաժնում:









































