Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է սահմանադրական կարգը տապալելը։ Գործով նախաքննությունն իրականացվելու է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից:
Սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական գործը, ինչպես և նախօրեին պետական դավաճանության վերաբերյալ քրգործը, հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Արցախում գործող ամենամեծ ու ակտիվ հասարակական կազմակերպության՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ոչ էլ իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը որևէ հաղորդում է ներկայացրել Արցախում սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ։ «Ինձ թվում է՝ ընդհանրապես հասարակական կազմակերպությունները չպետք է խառնվեն այդ գործերի մեջ. չպետք է զբաղվեն նման հարցերով ու ոչ էլ խառնվում են։
Ես մի բան կարող եմ ասել, որ սահմանադրական կարգի տապալում Արցախում իրականացվել է Արցախի նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ։ Մնացած հանցագործությունները ուրիշների կողմից ոչ մի բան են՝ համեմատած այդ երկու անձանց գործած հանցագործության հետ։
Հետևաբար՝ դատախազությունը պետք է անհապաղ քրեական գործ հարուցի Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի նկատմամբ»,- ասաց Օհանջանյանը՝ հավելելով. «Արցախն ուներ 12 հազար կիլոմետր տարածք, իսկ պատերազմից հետո ի՞նչ է մնացել։ Սա ի՞նչ է, եթե ոչ հանցագործություն, որը կատարվել է երկրի նախագահի ու Զինված ուժերի կողմից, որոնք չենք կարողացել պահպանել մեր պետականությունը։
Սրանից ավելի մեծ հանցագործություն գոյություն չունի, և երկրի նախագահը պետք է պատասխան տա այդ հանցագործության համար»։
Իրավապաշտպանի համար տարօրինակ է, որ քրեական գործերի հարուցումը կապվում է հասարակական կազմակերպությունների հետ։ Նրա խոսքերով՝ դա մանիպուլյացիա է։ «Ես եմ ղեկավարում Արցախում առաջին հասարակական կազմակերպությունը։ Ինչո՞ւ ես տեղյակ չեմ այդ քրեական գործից։ Բա ինչպե՞ս է ստացվում, որ դատախազությունն ասում է՝ հասարակական կազմակերպություններն են դիմել, բայց ՀԿ-ները տեղյակ չեն դրանից։ Ես կարծում եմ, որ պարզապես փորձ է արվում ՀԿ-ների անունը շահարկելով ցույց տալ, որ նման աղմկոտ քրեական գործեր են հարուցվել, որոնք կարճ ժամանակ անց կկարճվեն։ Դա էլ է տգիտության նշան»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ օրերս էլ նույն Արցախի գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունների հաղորդման հիման վրա պետական դավաճանության հանցակազմով քրեական գործ է հարուցվել։
Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ պետական դավաճանության գործով քննություն է ընթանում, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախաքննության ավարտին։
Մեր հարցին՝ կա՞ն արդեն գործով մեղադրյալներ, կասկածյալներ, ովքե՞ր են հարցաքննվել, կրկին նույն պատասխանը հնչեց. «Ձեր կողմից նշված քրեական գործով նախաքննություն է ընթանում, և ձեր կողմից առաջադրված հարցերի պատասխանները կտրվեն նախաքննությունից հետո»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդականը։







































