Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ առանցքային մասնաբաժին ունի: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին: Հանքարդյունաբերության մասնաբաժինը արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում գրեթե 20% է:
Կառավարությունը օրեցօր հանքերի շահագործման նորանոր արտոնագրեր է տրամադրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ առանձնապես էական չէ, թե ինչ ինտենսիվությամբ են հանքերը շահագործվում:
«Հարցն այն է, թե ո՞ւր են գնում եկամուտները և ի՞նչ ձևով են շահագործվում հանքերը: Կարելի է ցանկացած տեմպով շահագործել, բայց պետք է թափանցիկ լինի, թե դրանից ստացված եկամուտները ուր են գնում»,- ասաց Ա. Սաղաթելյանը ու հավելեց. «Ֆինանսական առումով ոլորտը բացարձակապես թափանցիկ չէ»:









































