Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայրը դեռ չի որոշվել, իսկ բանակցությունների արդյունքների շուրջ մամուլի ասուլիս չի պլանավորվում: Այդ մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ ծրագրում մամուլի ասուլիս դեռ ընդգրկված չէ, բայց, եթե նախագահները ցանկանան որևէ հայտարարություն անել, նրանք կկարողանան դա անել: Փետրվարի 18-ին Պեսկովն ասել է, որ նախագահները կհանդիպեն փետրվարի 22-ին և կանցկացնեն «շատ երկարատև» բանակցություններ:
Պեսկովի խոսքով՝ քննարկվելու է երկկողմ հարաբերությունները, միջազգային իրադարձություններ, ինչպես նաև սպասվում է, որ Լուկաշենկոն Պուտինին կպատմի տեղի ունեցած Համաբելառուսական ժողովրդական ժողովի մասին: Մինսկում հերքում են ռուսաստանյան ԶԼՄ-ների աղբյուրների հայտարարություններն այն մասին, որ Բելառուսի նախագահը Ռուսաստան է մեկնում նոր վարկ խնդրելու:
Ենթադրվում էր, որ փետրվարի 15-ին երկու երկրների տրանսպորտի նախարարները համաձայնագիր կստորագրեն ռուսաստանյան նավահանգիստներով բելառուսական նավթամթերքների փոխաբեռնման շուրջ, սակայն բոլոր զուգընթաց փաստաթղթերի և Ռուսաստանի նավահանգստային օպերատորների հետ համաձայնագրերի նախապատրաստումը ձգձգվեց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:









































