Երիտասարդ բրիտանուհու կուլ տված մազափունջը հանգեցրել է ստամոքսի պատռվածքի: Արտասովոր և հազվադեպ դեպքի մասին Թագավորական բժշկական կենտրոնի բժիշկները պատմել են BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
17-ամյա աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել երկու ուշագնացության հետևանքով գլուխը վնասելուց հետո: Բուժզննման ժամանակ բժիշկների ուշադրությունը գրավել է աղջկա որովայնի վերին հատվածի տարօրինակ ուռուցիկությունը: Աղջիկը խոստովանել է, որ վերջին հինգ ամիսներին տառապել է որովայնի ցավից, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի է սրվել:
Բացի այդ, պարզվել է, որ աղջիկը տառապում է տրիխոտիլոմանիայով (մազերը քաղելու սևեռուն ցանկություն) և տրիխոֆագիայով՝ Ռապունցելի համախտանիշով (մազ ուտելու ցանկություն): Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ աղջկա ստամոքսն ամբողջությամբ լցված է մազերով, ինչը հանգեցրել է այդ օրգանի պատի պատռմանը:
Տրիխոտիլոմանիայով տառապում է մարդկանց ընդամենը 0.5-3%-ը, նրանցից միայն 10-30%-ն ունի տրիխոֆագիա, և միայն 1%-ն է բախվում այսպիսի լուրջ հետևանքների, նշել են բժիշկները: Աղջկա մոտ ախտորոշված Ռապունցելի համախտանիշի դեպքում մազերը աղիների անանցանելիություն են առաջացնում: Վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից:








































