Ճապոնացի բժիշկները ստիպված կլինեն դեն նետել երկիր առաքված Pfizer և BioNTech ընկերությունների կողմից մշակված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի մասը՝ հատուկ ներարկիչների բացակայության պատճառով: Այս մասին ասել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սովորական ներարկիչներով հնարավոր է պատվաստանյութի սրվակից վերցնել վեց դեղաչափից միայն հինգը. դեղամիջոցի մնացած մասը հանելու համար հատուկ ներարկիչներ են անհրաժեշտ:
«Սրվակում մնացած դեղամիջոցը ստիպված ենք դեն նետել»,- ասել է Կատոն:
Նա պարզաբանել է, որ աշխարհում հատուկ ներարկիչների սահմանափակ առաջարկ կա, ինչը դժվարացնում է պահանջվող քանակի գնումը: Ներկայումս Ճապոնիան բանակցություններ է վարում մի քանի արտադրողի հետ:
Այս խնդրի պատճառով պատվաստանյութի խմբաքանակը, որն արդեն պատվիրվել է իշխանությունների կողմից, կբավարարի 60 միլիոն մարդու պատվաստման համար՝ ի սկզբանե նախատեսված 72 միլիոնի փոխարեն, ասվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 14-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հաստատել է երկրում Pfizer ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը:









































