Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի»:
«Նրանք կարևոր ներդրում ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մշակման հարցում, որոնցից զգալի մասը ներառվել են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Սա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի պահպանմանը, խաղաղապահների գործողություններին և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,- ասել է Ռուդենկոն:
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ պատմությունը ցույց է տվել, որ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտությունը չլուծվեց։ «26 տարվա բանակցային գործընթացը փաստորեն հանգեցրեց Արցախի ու ընդհանրապես համայն հայության ազգային աղետի՝ զոհեր ու ԼՂԻՄ-ի տարածքի մոտ 50 տոկոսի կորուստ։ Աշխարհաքաղաքական լուրջ ձևախեղումների ու գործընթացների արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան գնացին անդրկուլիսյան համաձայնությունների, ու մենք ականատես եղանք, որ Ռուսաստան-Թուրքիա փոխադարձ համաձայնությամբ հարցը «լուծվեց» այնպես, ինչին մենք այժմ ականատես եղանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Քեռյանի դիտարկմամբ՝ դրանից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ն բարձրացրին իրենց ձայնը, որովհետև զգացին, որ դուրս մնացին խաղից, ու հարցը լուծվեց ռուս-թուրքական համաձայնությամբ. «Այժմ Մինսկի խմբի ֆորմատի վերականգմամբ առաջին հերթին շահագրգռված են Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Ռուսաստանն ավելի քիչ ակտիվություն էր ցուցաբերում այդ հարցում, որովհետև գտնում էր, որ դեռևս հինգ տարի խաղաղապահները կարող են անվտանգություն ապահովել, իսկ այդ ընթացքում կգտնվեն մնացած հարցերի լուծման տարբերակներ։ Ես գտնում եմ, որ Ռուդենկոյի հայտարարությունը կապված է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ավելի կոշտ դիրքորոշման մեջ»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն արձանագրում է՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն նույնպես երկակի քաղաքականություն են վարել. «Ջայլամի նման գլուխները թաղեցին ավազի մեջ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ ԱՄՆ-ն զբաղված էր ընտրություններով, ու ոչ մի արձագանք։ Մեր սփյուռքահայերը ստիպված էին բողոքի ցույցեր անցկացնել, որ Սպիտակ տանը գլխի ընկնեն, որ պատերազմ է։ Ֆրանսիան արեց բավականին հեղհեղուկ և ստանդարտ հայտարարություններ՝ առանց գործնական քայլերի։ Այսպիսի կրավորական կեցվածքով իրենք կորցրին ազդեցության բոլոր լծակները Հարավային Կովկասում՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ Սա լուրջ կորուստ էր հատկապես ԱՄՆ-ի համար, որովհետև նա կուզենար լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում ու Ադրբեջանում, որովհետև կա Իրանի հարց, սիրիական հիմնախնդիր։ Հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կենդանության նշաններ են ցույց տալիս, Ռուսաստանը, կարծես թե, ընդառաջ է գնում նրան, փորձելով բարձրաձայնել ձևաչափի վերակենդանացման հարցը։ Այստեղ Ռուսաստանն էլ ունի յուրահատուկ շահերը․ Ռուսական ստրատեգների մոտ պակասում էր այն հեռատեսությունը, որ թույլ տալով Հայաստանի պարտությունը, նրանք թույլ տվեցին մեծացնել այստեղ թուրքական ներկայությունը։ Հնարավոր է, որ հիմա ռուսները փորձում են ներգրավել Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին, վերականգնել Մինսկի խմբի ձևաչափն ու գտնել լուծումներ՝ արդեն իրենց շահերից ելնելով՝ Թուրքիային Հարավային Կովկասից հեռու պահելու համար։ Նրանք ունեին այն հնարավորությունը, որ գործադրեին ազդեցության լծակներ, որ Թուրքիան ու Ադրբեջանը չգնան պատերազմի։ Հիմա առանց ամոթի, այսպես կոչված Արևմուտքն ու Մինսկի խմբի եռանախագահությունն ինչ-որ հայտարարություններ են անում։ 26 տարի ասացին, որ հակամարտությունը զինված լուծում չունի, ինչպե՞ս լուծվեց կիսառազմական ճանապարհով ու մարդկային կորուստներով։ Սա բարոյական հարց է, սերունդները մեծ ցավով կհիշեն այս մասին»։
Ըստ Քեռյանի՝ մեծ տերությունների քաղաքականության նկատմամբ, այսպիսով, Հայաստանում ու Արցախում մեծ անվստահություն է ներշնչվել։
Հարցին՝ գուցե Ռուսաստանն ուզո՞ւմ է, որ Մինսկի խումբը վերականգնվի, որպեսզի համաձայնությամբ ձեռքբերված կետերի իրագործումը լեգիտիմացում ստանա, Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Ոչ թե լեգիտիմացում, այլ հնարավոր է որոշակի մեղմացում։ Մեղմացման տարբերակ ես ենթադրում եմ՝ Հադրութի ու Շուշիի վերադարձը հայկական վերահսկողության տակ, կամ Հադրութի վերադարձը, Շուշին ու նրան կապող ճանապարհը թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ։ Դա կարող է լինել, եթե մի կողմ դնեն պետական նվաճողական շահերը ու ելնեն ժողովրդի անվտանգության շահերից։ Ես ու մի շարք փորձագետներ ունենք որոշակի լուծման տարբերակներ, երբ ժամանակը գա, մենք այդ առաջարկը կանենք»։








































