Սպիտակ տունը բացատրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից զրկելու ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ցանկությունը: Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի հայտարարությանը:
«Նախագահը մտահոգություն է հայտնել, որ նախկին նախագահ Թրամփը կարող է գաղտնի հետախուզական տեղեկատվության հասանելիություն ստանալ»,- ասել է Փսաքին:
Նա նշել է, որ Բայդենը «միանշանակ վստահում է իր թիմին», այդ թվում՝ հետախուզությանը, որն իրավասու է որոշել, թե ինչպես հետախուզական տվյալներ տրամադրի, եթե նախկին նախագահը երբևէ ճեպազրույց պահանջի:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփին չարժե նման տվյալներ տրամադրել, քանի որ նա կարող է «անզգուշաբար բերանից թռցնել»:







































