«Ես ուզում եմ, որ այսօր աշխարհը լսի հետևյալ ազդանշանը. «Ամերիկան վերադարձել է. Ամերիկան վերադարձել է»: Դիվանագիտությունը կրկին մեր արտաքին քաղաքականության կենտրոն է վերադարձել»,- սա արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին ելույթի լեյտմոտիվն էր: Այս ելույթով ԱՄՆ Պետդեպարտամենտում ամերիկյան վարչակազմի ղեկավարը հանդես է եկել այսօր։
Հայ-ամերիկյան հարաբերությունը պետք է դիտարկել գործնական և շահեկան այլընտրանք: Շահերի բազմազանությունը ռեգիոնում Հայաստանի համար կարևորագույն կռվան ու նպատակ է հատկապես այս փուլում: Ի վերջո, ակնառու է, որ Արցախի գլխին պատերազմը պայթեց, երբ Միացյալ Նահանգները Թրամփի քաղաքականության ռեժիմում թուլացրին մասնակցությունը Կովկասում, թողնելով այն ռուս-թուրքական փոխզսպման տրամաբանությանը և դրա հեռակառավարմանը: Բայդենի վարչակազմի մոտեցումների նշմարվող, ուրվագծվող փոփոխությունը Հայաստանի համար կարևոր ռեսուրս է, որն օգտագործելու ուղղությամբ, իհարկե, պետք է աշխատել բարձր արդյունավետությամբ և առավելագույն օպերատիվությամբ:
Շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում ժողովրդավարությունն ունի պաշտպանության և ամրապնդման կարիք, սակայն կարևոր է նաև շեշտադրել համատեքստը: Հայաստանում ժողովրդավարությունը հակադրվել է ազգային շահերին, տարբեր քաղաքական մանիպուլյատիվ նպատակներով ու նկատառումներով ժողովրդավարությունը, քաղաքացիականությունն ու ազատությունը հակադրվել են ազգային անվտանգությանը: Մինչդեռ, դրանք Հայաստանի համար պետք է լինեն ոչ թե հակադիր, այլ փոխլրացնող իրողություններ: Միաժամանակ, այդ հանգամանքը պետք է հաստատվի կոնկրետ աշխատանքով, ոչ թե դատարկ խոսակցությամբ։ Ժողովրդավարությունը պետք է իբրև կենսագործունեության միջոց Հայաստանին բերի թե՛ զարգացման՝ բարեկեցության, թե՛ անվտանգության՝ պաշտպանվածության նոր մակարդակ:
Սրանք խնդիրներ են, որ հայկական պետականության առաջ են, և ԱՄՆ-ն կարող է լինել այդ խնդրի լուծումների որոնման հարցում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:
Միաժամանակ պետք է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում ունենալով անվտանգության հարցերից բխող ինքնիշխանության լրջագույն խնդիր, Հայաստանը սահմանափակված է լինելու արտաքին քաղաքականության գործնական նախաձեռնողականության հարցում: Ըստ այդմ՝ հույժ կարևոր է, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լինեն նախաձեռնող, ընդ որում՝ նաև Ռուսաստանի ուղղությամբ՝ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարում ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքի էֆեկտիվությունը ունենալու է էական նշանակություն: Դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:










































