Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը՝ այն դարձնելով 3+3՝ ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Ու մենք այդ նպատակին հասնելու համար համագործակցելու ենք նաև 3+3 ձևաչափով»,- նշել է արտգործնախարարը։
Չավուշօղլուն նաև նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման լոկ ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցության ընդլայնմամբ հասնել կրակի մշտական դադարեցմանը»։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ մեր գոյատևման համար մեկ գրավականը այդ տարածաշրջանում հարևանների հետ համակեցության խաղի կանոններ գտնելն է։ «Մենք անկախությունից ի վեր ընտրեցինք եվրոպական ինտեգրացման ռազմավարական կուրսը։ Ամբողջ քաղաքական համակարգը կառուցեցինք եվրոպական չափանիշներով, նույնիսկ պատրաստվում էինք Ասոցացման համաձայնագիր ստորագրել, հետո՝ 2017 թվականին կնքեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Բայց այս ամենի արդյունքում արդեն անցել է 30 տարի, ամփոփենք ու տեսնենք, որ արդյունքը զրո է։ Ունենք պետականության թուլացում, պարտություն, թշնամանքի հարուցում հարևանների կողմից։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Իրանը համար մեկ հակաարևմտյան պետությունն է, իսկ Թուրքիան այսօր լուրջ խնդիրներ ունի և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ, մեզ պետք չէ մտնել գլոբալ խաղի մեջ, պետք է գտնել համակեցության կանոններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ բանաձևը պարզ է։ «Մենք ունենք թշնամի երկու հզոր հարևան։ 80 միլիոնանոց հզոր Թուրքիա, որը Միացյալ Նահանգներից հետո ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակն ունի։ Ունենք 80 միլիոնանոց Իրան, որը մահմեդական պետություն է և հակաարևմտյան դիրքորոշում ունի, և Ադրբեջան, որի հետ 30 տարի շարունակ պատերազմի մեջ ենք գտնվում։ Եթե մենք այս կացությունից դուրս չգանք ու չկարողանանք ապահովել գոնե մինիմալ կենսապայմանները կամ զարգացման մինիմալ տեմպերը, որպեսզի կարողանանք կանխել արտագաղթը, այդ դեպքում մենք ինչի ենք գնալու։ Քանի դեռ այս ձևաչափում ընդգրկված է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, մենք պետք է առանց էմոցիաների ու պատմական էքսկուրսների՝ թե նախկինում ինչ է եղել, պետք է աշխատենք։ Մենք ունենք պարտված պետություն, ու այս առումով, ես գտնում եմ, որ պետք է շատ ուշադիր հետևել այդ ձևաչափերին, հնարավորինս օգուտ քաղել, հնարավորինս կայուն անվտանգային միջավայր ստեղծել ու կոտրել այն կարծրատիպը, որ Հայաստանն այսօր Հարավային Կովկասում կարող է լինել Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանին վնասող պետություն, ու փորձենք Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի տված աշխատանք իրականացնել։ Բացառված չէ, որ ինչ-որ պահի այնքան կայունանա իրավիճակը, հարաբերություններն այնքան խորանան, որ մենք կարողանանք առանց Ռուսաստանի էլ մեր հարևանների հետ հարաբերությունները զարգացնել։ Բայց հիմա այնքան ենք փչացրել ամեն ինչ, այնքան ենք թուլացել, կապիտուլացվել, որ այս պահին այլընտրանք չունենք»։
Դիտարկմանը, թե Հայաստանին ավելի ձեռնտու չէ՞ ղարաբաղյան հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատել, որոնք գոնե հակահայկական դիրքորոշում չունեն՝ ի տարբերություն Թուրքիայի, նույնիսկ Իրանի ու Վրաստանի, և արդյոք այդ ձևաչափում մեր դիրքերը չեն թուլանա, Քեռյանը պատասխանեց. «Երբ ասում ենք, որ մեր դիրքերը կթուլանան, ես դրան կպատասխանեմ, որ այս պահին էլ մեր դիրքերը թուլացած են մինուս 100 աստիճանով։ Պետք է աշխատենք, որ մոտենանք գոնե 0 կամ 1 աստիճանի, որ նոր դիրքերից խոսենք։ Մենք հիմա ընդհանրապես դիրք չունենք։ Կապիտուլացված ու պարտված պետությունը ո՞նց կարող է դիրք ունենալ։ Առայժմ խոսքը գնում է այն մասին, որ տարածաշրջանային ձևաչափ է ձևավորվում։ Մենք մեզ դո՞ւրս թողնենք, թե՞ ներս։ Խոսքս դրան է վերաբերում։ Իսկ ապագայում Թուրքիայի հետ որոշակի ֆորմատում գտնվելու ընթացքի օգտակարությունը կորոշեն ապագա սերունդներն ու իշխանությունները։ Ես խոսեցի Եվրամիության հետ ինտեգրացման մասին՝ 30 տարվա կտրվածքով։ Շատ հնարավոր է, որ մի 5-10 տարի հետո մենք զգանք, որ այս ձևաչափում վնասներ ենք կրում։ Մենք արդեն ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ընտրել ենք, մասնակցում ենք այդ ձևաչափերին։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ կառույցներն այնքան կատարյալ չէին, որ կարողանային խուսափել այն աղետից, որ տեղի ունեցավ»։







































