Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերբեռնման, առկա հնարավորությունների և օրակարգի շուրջ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանի հետ
Քաղաքական շրջանակներում, վերլուծական հանրույթի շրջանում չեն դադարում քննարկումներն առ այն, թե ինչպիսի հնարավորություններ են ընձեռնվում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար՝ նախագահ Բայդենի վարչակազմի պայմաններում: Ո՞րն է ձեր մոտեցումն այս հարցում: Ներկայումս ինչպիսի՞ նախադրյալներ կամ գուցե և խոչընդոտներ կան հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար:
Եթե հարցին մոտենանք ռազմավարական մտածողության տեսանկյունից, ապա՝ նախ անհրաժեշտ է, որպեսզի մենք ներսում պատշաճ կերպով կատարենք մեզ վերապահված տնային աշխատանքը՝ գնահատելու համար հայ-ամերիկյան հարաբերություննների ներկայիս մակարդակը և արձանագրենք, թե ինչպիսի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով են պայմանավորված ներկայիս հարաբերությունների ոչ բավարար մակարդակը:
Այնուհետ, կարող ենք հետամուտ լինել նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմից մեր ակնկալիքների ձևավորմանը՝ հենվելով մեր ազգային անվտանգության շահերի, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների, տարածաշրջանում հարափոփոխ անվտանգային ճարտարապետության և նոր վարչակազմի կողմից արդեն իսկ արտահայտած դիրքորոշումների և ազդակների վրա: Կարող ենք արձանագրել, որ այն դիրքորոշումներն ու հայտարարությունները, որոնք արդեն հնչել են անձամբ նախագահ Ջոզեֆ Բայդենի և նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից, ավելի քան հուսադրող են՝ հայ-ամերիկյան հարաբերությունների քաղաքական օրակարգը հիմնավորապես վերբեռնելու, դրան որակապես նոր բովանդակություն հաղորդելու տեսանկյունից:
Ինչպիսի՞ն կարող է լինել հայ-ամերիկյան քաղաքական օրակարգը՝ նոր իրողությունների պայմաններում
Այստեղ պետք է ցուցաբերել երկու մոտեցում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ հարցերի շարքում ես կզետեղեի օրհասական հարցերի, անհապաղ, շուտափույթ միջամտություն կամ լուծում պահանջող խնդիրների շրջանակ:
Առաջինը, մեր ամերիկյան գործընկերների հետ շփումներում, Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը պետք է բարձրացնի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը՝ ակնկալելով նախագահ Բայդենի վարչակազմի և ինչու ոչ՝ նախագահ Բայդենի անձնական միջամտությունը:
Չմոռանանք, որ Էնթոնի Բլինքենն իր հայտարարություններում Արցախի ժողովրդի անվտանգությունը և Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը որակել է ծայրահեղ կարևորության հարց: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ ըստ Բլինքենի, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմը՝ վարչակազմը կքննարկի ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության շարունակականության նպատակահարմարության հարցը, ապա իրատեսական եմ համարում, Բայդենի վարչակազմին հաճոյանալու շարժառիթով, Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն՝ հգուտ Հայաստանի:
Այնուհետ՝ մենք պիտի կարողանանք ներկայացնել Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական պատերազմից հետո ձևավորված մեր դիրքորոշումն Արցախի հարցում և ձևակերպել մեր ակնկալիքները Միացյալ Նահանգների նոր իշխանություններից: Այստեղ հատկանշական է մեջբերել Պետքարտուղար Բլինքենի վերջերս արտահայտած այն միտքը, ըստ որի ԱՄՆ վարչակազմը կակտիվացնի իր մասնակցությունը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցում՝ շեշտը դնելով ԼՂ անվտանգության ապահովման բաղադրիչի վրա: Հետևաբար, Հայաստանը պիտի ամրապնդի հակամարտության վերջնական լուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման գործում ԱՄՆ-ի դերակատարության էլ ավելի ակտիվացման կարևորությանը միտված իր դիրքորոշումը, զուգահեռաբար նախանշելով այնպիսի երկկողմ օրակարգ, որը կբխի տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխության՝ որպես տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության ամրապնդման մարտահրավեր, խոչընդոտ և հնարավորություն ընկալումից:
Լավ կլինի, եթե Հայաստանը որպես բարեկամ երկիր առաջարկի իր տարածքը ԱՄՆ-Իրան երկխոսության համար: Նույնիսկ եթե կողմերին չհաջողվի գոնե այս փուլում հարջողություն գրանցել հարաբերությունների կարգավորման գործում, միևնույն է՝ հայկական կողմի այդ նախաձենությունը կընկալվի որպես տարածաշրջանային գործընթացներում ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամություն, որն էլ իր հերթին կբարձրացնի մեր քաղաքական կշիռը:
Օրհասական լուծում պահանջող հարցերի թվում է նաև ԱՄՆ հնարավոր ֆինանսական և տնտեսական մասնակցությունը Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում: Չմոռանանք, որ Պետքարտուղար Բլինքենն արդեն իսկ հայտարարել է, որ ամերկյան կողմը աշխատելու է հայ ժողովրդի հետ հումանիտար կարիքների բավարարման և Արցախում ականազերծման ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ:
Կուզեմ առանձնահատուկ շեշտել նաև, որ Հայաստանը` համաձայն ներկայիս տնտեսական ցուցանիշների, կարող է առաջ քաշել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրում ընդգրկվելու հարցը:
Ամերիկյան կողմի հետ աշխատելու համար դուք նշեցիք նաև երկարաժամկետ օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: Ո՞րն է այդ օրակարգը:
Անհրաժեշտ է նոր շունչ և բովանդակություն հաղորդել դեռևս 2019թ.-ին մեկնարկած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը: Այս ձևաչափը պիտի այլևս ծառայի հետպատերազմյան իրողություններից բխող մարտահրավերների և հնարավորությունների պայմաններին համապատասխան համագործակցություն ձևավորելուն և զարգացնելուն:
Խորապես համոզված եմ, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը մեր պետության և ժողովրդի անվտանգության ապահովման անկյունաքարն է: Հետևաբար, չափազանց հուսադրող է Էնթոնի Բլինքենի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստակամ է ժողովրդավարությանը, տնտեսական աճի աջակցելու միջոցով օգնել Հայաստանին ամրապնդել իր անվտանգությունն ու կայունությունը: Այս մոտեցումը հնարավորությոuն է տալիս դիտարկել հայ-ամերիկյան համագործակցության այնպիսի օրակարգ, որը կներառի անվտանգային հարցերի շրջանակ: Այսպես՝ առաջնահերթություն է ամերիկյան ֆինանսական, տեխնիկական և մտավոր ռեսուրսի ներդրման միջոցով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ապահովմանը զարկ տալը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ զինված, արդիական ենթակառուցվածքներով էլեկտրաէներգետիկ համակարգի կայացման հարցում:
Հայաստանը պիտի ձգտի, որպեսզի բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման, պոչամբարների անվտանգության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները, որպես պետության անվտանգության ապահովման երաշխիքներ նույնպես կազմեն հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի մաս: Ընդ որում, վերոնշյալ բոլոր ոլորտներում հնարավոր համագործակցությունը պետք է դիտարկել ոչ միայն երկկողմ, այլ նաև՝ բազմակողմ համագործակցության համատեքստում՝ մեր եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ: Կարծում եմ, որ հայ-ամերիկյան օրակարգի ընդլայնումը որևէ կերպ չի ազդի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ առկա երկկողմ ռազմաքաղաքական օրակարգի վրա: Ավելին՝ հայ-ամերիկյան օրակարգը կարող է և ներառել Ռուսաստանի հնարավոր ներգրավումը որոշ նախագծերում, ինչն իր հերթին հավելյալ երաշխիք կստեղծի տարածաշրջանային փխրուն խաղաղության և անվտանգության ապահովման հարցում:
Մի կարևոր դիտարկում ևս՝ հայ – ամերիկյան համագործակցության օրակարգը պետք է առաջ մղվի երկու կողմերի օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության և փոխգործակցության, ինչպես նաև ԱՄՆ-ում առկա ծանրակշիռ հայկական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի պայմաններում:
Ի հավելումն վերոշարադրյալ դրույթների կուզեյի հատկապես ընդծել, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը մեր պետության, հասարակության, ընտանիքի և անհատի անվտանգության ապահովման բացառիկ երաշխիքն է, դրա բացակայությունը՝ այլևս ազգային անվտանգության սպառնալիք: Ժողովրդավարության ամրապնդումը մեր ինքնիշխանության խարխլված հիմքերը վերականգնելու ռեսուրսն է, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեր այցեքարտը և մեր պետության անկախության երաշխավորը: Առանց այս ամենի գիտակցման, հնարավոր չեմ համարում որևէ պրագմատիկ, փոխշահավետ փոխգործակցություն աշխարհի հետ հարաբերություններում:










































