«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
– Պարոն Հովհաննիսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Ձեր կարծիքով՝ այս որոշմամբ ի՞նչ կոնֆիգուրացիա է ստեղծվում քաղաքական դաշտում։
– Այս հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն սահմանազատվեց Վազգեն Մանուկյանի գլխավորած և Նիկոլ Փաշինյանի վարչախմբի դեմ փողոցային պայքարի մեջ մտած կուսակցությունների դաշինքից, որը իրեն հռչակել է փրկության ճակատ և բռնել է ոչ թե ընտրությունների միջոցով իշխանությանը հասնելու, այլ ապստամբության միջոցով իշխանությունը նվաճելու ճանապարհը: Սա խոհեմ, սթափ և միանգամայն ողջունելի քայլ է, և դա պետք է ընդունեն բոլորը՝ անկախ այն բանից, թե ինչպես են վերաբերվում Քոչարյանի անձին, կամ որքանով է իրենց համար ընդունելի ընտրություններին նրա մասնակցության հեռանկարը:
Հետաքրքիր է, որ այդ նույն օրը, երբ Քոչարյանը հայտարարեց ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին, ՀՅԴ պարագլուխ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենք կմասնակցե՞ն արտահերթ ընտրություններին, իրեն հատուկ ագրեսիվ տոնով պիտակավորեց բոլոր նրանց, ովքեր այդ հարցը այժմ քննարկում են՝ ասելով, որ զբաղված են անիմաստ գործով: Հետո փորձեց հիմնավորել, որ իրենց և Քոչարյանի դիրքորոշումների միջև հակասություն չկա, բայց այդ կցկտուր բացատրությունները միայն էլ ավելի ընդգծեցին Ռոբերտ Քոչարյանի սահմանազատումը վազգենմանուկյանական ճակատից՝ նոր կերպարով հասարակությանը ներկայանալու երկչոտ, բայց տեսանելի նրա ձգտումը: Այս ձգտումը նույնպես ողջունելի է, քանզի ցույց է տալիս, որ հասարակության մեջ անցած երկուսուկես տարիների ընթացքում տեղի են ունեցել մենթալիտետային այնպիսի փոփոխություններ, որոնց հետ այս կամ այն չափով ստիպված են հաշվի նստել բոլորը:
– Ի՞նչ ցուցակ կարող է գլխավորել Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ, ԲՀԿ, ինչու ոչ նաև Հանրապետական կուսակցությա՞ն ցուցակը, թե՞ միասնական ցուցակ, որտեղ կարող են լինել նոր ուժեր:
– Ուզում եք, որ ես այստեղ խորհուրդներ տամ Քոչարյանին, նա օգտվի այդ խորհուրդներից ու հաջողությա՞ն հասնի, իսկ հետո հենց դուք էլ ինձ մեղադրեք դրա համար: Մեկ անգամ այդպես արդեն եղել է. 2012 թվականի ԱԺ ընտրություններին միասնական շտաբ ձևավորելով՝ ես դրեցի այսպես կոչված՝ «հրաշալի քառյակի» ստեղծման հիմքը, բայց ինքս Սերժ Սարգսյանի պատվերով և Գագիկ Ծառուկյանի կատարմամբ դուրս մղվեցի ԱԺ-ից, ենթարկվեցի դաժանագույն դատական հետապնդումների, մայրական բնակարանս կալանքի տակ դրվեց, ավերեցին իմ ղեկավարած ՀՔՄ գրասենյակի մուտքը: Հետո, երբ հերթական անգամ նույն Դոդի Գագոյին ահաբեկելու միջոցով Սերժը հողմացրիվ արեց «հրաշալի քառյակին» և դրանով ճանապարհ բացեց Սահմանադրությունը չարեփոխելու ճանապարհով իր իշխանությունը երկարաձգելու համար, ես վերջնականապես համոզվեցի, որ լավ գաղափարները հնարավոր է կյանքի կոչել միայն դրանց հեղինակների անմիջական մասնակցությամբ: Սերժը դա լավ գիտի, և հենց դրա համար է իմ առջև ամուր փակել ԱԺ վերադառնալու բոլոր դռները: Փակեց 2012-ին, փակեց 2017-ին, փակեց 2018-ին, և ձգտելու է փակել նաև 2021-ին: Որովհետև Սերժը եղել ու մնում է իշխող հանցագործ համակարգի շարժիչ ուժը՝ այդ համակարգի կանոնակարգողը:
Տեսեք՝ որքան երկչոտ են Սերժից սահմանազատվելու Քոչարյանի փորձերը, չնայած, որպես փորձառու քաղաքական գործիչ, նա լավ է հասկանում, որ Սերժից, ՀՀԿ-ից, իրեն դավաճանած ԲՀԿ-ից վճռականորեն սահմանազատվելով՝ կարող է իր կողմը գրավել հասարակությանը: Բայց, մյուս կողմից, Քոչարյանը լավ է հիշում վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահ լինելը՝ 2007 թվականի ԱԺ ընտրություններից երկու ամիս առաջ: Անդրանիկը մտադիր չէր 2008 թվականին զիջել Սերժիկին նախագահի աթոռը զբաղեցնելու իր ծանրակշիռ խաղաքարտերը՝ ՀՀԿ նախագահի ու վարչապետի աթոռները, և այդ իսկ պատճառով կիսեց Վազգեն Սարգսյանի ողբերգական ճակատագիրը: Քոչարյանը լավ գիտի, որ Սերժը պատրաստ է նույն և իր կողմից բազմաթիվ անգամներ փորձված մեթոդով բաղձալի աթոռին այս անգամ հասցնել իր աչքի լույս փեսա Միշիկին: Նա այս անգամ էլ ոչ մի բանի առջև չի կանգնի այդ նպատակին հասնելու համար: Դրա համար էլ զբաղված է երկրում տիրող քաոսը խորացնելու գործով: Այդ ճանապարհին նրան պետք էին ՆԳ նախկին նախարար, գեներալ Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահերը: Մեկը Քոչարյանի կողմնակիցն էր, մյուսին հաջողվել էր պայմանավորվել նորերի հետ, հայտնվել Լոնդոնում և գլուխը ազատել: Նա պետք է մեռներ, որպեսզի Սերժն ու Վանեցյանը հնարավորություն ստանային ազատ տնօրինել ԱԱԾ-ի արխիվից 2018 թվականին հափշտակված արխիվային փաստաթղթերը: Օրինակ՝ վերջերս հրապարակեցին Արարատ Միրզոյանի համաձայնագիրն ԱԱԾ լրտես դառնալու մասին: Կուտոյանը խոստացել էր նոր իշխանություններին այդ կարգի նյութերը չհրապարակել, և դրա համար էին նրան հանգիստ թողել՝ Լոնդոնում կյանքը վայելի: Սակայն Սերժը նրան կանչեց Երևան, որպեսզի մեռցնի, ու ԱԱԾ արխիվային նյութերը կամաց-կամաց ջրի երես դուրս գան: Շուտով կտեսնենք նորերը, և Սորոս պապիկը վերջնականապես կհամոզվի, որ իր հովանավորյալները ոչ այլ ով են, քան ԱԱԾ-ի գործակալներ…
– Քոչարյանը արտաքին ո՞ր ուժերի աջակցությունը կարող է վայելել, կլինի՞ ռուսական օլիգարխիայի, ռուսական տարբեր այլ շերտերի աջակցություն։
– Քոչարյանը վայելում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, իսկ դա ներկա դրությամբ կանխորոշում է բոլոր մյուս ռուսաստանյան սեգմենտների աջակցությունը նրան: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ հետխորհրդային հանրապետությունների ընտրական գործընթացներում Մոսկվայի հովանավորյալները վերջին տարիներին, մեղմ ասած, հաջողությունների չեն հասնում: Էլ չեմ ասում, որ մեր իրավիճակում Քոչարյանի համար բացասական դեր կարող են ունենալ մոսկվայաբնակ այն հայերի «արջի ծառայությունները», որոնք պատերազմի օրերին հանդես են եկել դավաճանական դիրքերից: Թույլ տվեք այս անգամ ազգանուններ տալուց ձեռնպահ մնամ՝ այդ անունները բոլորին են հայտնի, ինչպես հայտնի է նաև այն, որ Քոչարյանին «արջի ծառայություններ» մատուցողների պակաս երբեք չի եղել:









































