«Շնորհակալություն, հայկակա՛ն բանակ, անձնազոհ ծառայության համար. այսօր՝ հունվարի 28-ին, մեր բոլոր հանդիպումները պետք է սկսենք այս կարևոր նախադասությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին մենք ականատես եղանք հայ զինվորականի, հայ տղամարդու հավատարմությանն ու անձնազոհությանը:
«Բայց մեծ հայրենասիրությունը, անձնազոհությունն ու հավատարմությունն ունի լուսանցք, և դա մեզ խանգարում է»,- նշեց Արշակյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որ հարգանք չունեն մեր ինքնության պահապանի՝ հայկական բանակի նկատմամբ, և դա լարվածություն է առաջացնում:
ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն ընդգծեց, որ պետք է բացահայտել պատերազմի մասին ճշմարտությունը. «Եթե չես բացահայտում քո սխալները, չես կարող նոր էջից առաջ գնալ: Սխալներից դասեր ենք քաղում, հետևություններ ենք անում: Մենք այսօր պետք է ամուր կառչենք մեր հավատքին, մեր մշակույթին ու բանակին, քանզի դրանք են մեր հավերժության պահապան վահանները: Հայ ժողովուրդը ի ծնե մարտիկ է: Հայկ նահապետը զենքով է դրել մեր ազգի հիմնաքարը, և զենքը մեր ինքնապաշտպանության համար է: Հայ ժողովուրդը «դատապարված» է հավերժության»:
«Մենք պատերազմում պարտվել ենք ազգովի: Այս պարտության մեղավորը բոլորս ենք, որ ժամանակին չենք պատժել միլիարդատեր հրամանատարներին, գեներալներին»,- ընդգծեց ազատամարտիկ Ժորա Սափեյանը:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնպես կուսակցություն է և քաղաքական շահեր է հետապնդում: «Ամենայն Հայոց Վեհափառը պետք է հրավիրեր քաղաքական ուժերին և եղբայրության ու համերաշխության աղոթք աներ: Կաթողիկոսը չպետք է տարբերակում մտցնի՝ հեռացիր, մոտեցիր… »:
Արշակյանի խոսքով՝ վարչապետի գործը պետք է լինի Հայաստանի վերակառուցումը, իսկ Ազգային ժողովի օրակարգում պետք է լինի Կուսակցությունների մասին օերնքը, Ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վարդան Մալխասյանը նշեց, որ պետության, ժողովրդի նկատմամբ ծանր հանցանքներ կատարած անձինք իրենց կյանքի նպատակն են դարձրել իրականությունից փախչելը՝ որքան հնարավոր է հեռու. «Քոչարյանը վախենում է, որ հնարավոր է իշխանությունը դուրս գա թավիշից և սկսի խիստ միջոցներ ձեռնարկել կամ նոր իշխանություն գա, որը առաջնորդվի օրենքի դիկտատուրայով: Եվ երբ որ իրականության դեմքը սկսեն բացահայտել, «փրկիչները» կհատնվեն այլ տեղերում: Սարսափելով այդ վտանգից՝ նախկինները վայնասուն են բարձրացրել և ուզում են խլել ժողովրդի իշխանությունը: Իրենց անձնական շահերի համար նախկինները պատրաստ են ամենաստոր քայլերի»:
«Իշխանություններն են մեղավոր, որ Քոչարյանն ու նրա նմաններն այսօր հոխորտում են,- ընդգծեց Սափեյանը:- Երկիրը թալանել է, բանակը 10 տարի թալանելուց հետո եկել է եզրակացության, որ Ղարաբաղի հարցը կկարգավորի, բայց վարել է բանակցություններ՝ բանակցությունների համար, օդում օդ է ճոճել… Ի՞նչ իրավունք ունեն այսօր խոսելու, երբ ոչ մի հարց ի շահ պետության չեն լուծել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































