Ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, թե ում առաջարկել եք դառնալ Շիրակի մարզպետ, հրաժարվել է: Գյումրիում այսօր իրեն ուղղված հարցին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ոչ: Եղել է մեկ առաջարկ, արվել է Հովհաննես Հարությունյանին, նա էլ համաձայնվել է:
Ըստ Պապիկյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաև տեղեկությունները, համաձայն որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետների հետ ինքն ունեցել է փակ հանդիպում: Բոլոր հանդիպումները եղել են բաց, ասելիքը՝ հրապարակային:
«Ընդ որում, դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այլ առիթով համայնքապետների հետ չեմ հանդիպել, այլ կոչ, քան հրապարակայինները, չեմ հնչեցրել: Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր ինստիտուտի վերապահված են լիազորություններ և իրավասություններ, և, բնականաբար, նրանց գործողությունները պետք է ելնեն այդ իրավասություններից: Իմ խոսքը կառուցված է եղել միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա»,- ասաց Պապիկյանը:







































