Կապիտոլիումի ոստիկանության սպա Հովարդ Լիբենգուդը, հնարավոր է, ինքնասպան է եղել, գրում է AP-ն՝ իր աղբյուրներին հղումով:
Ինչպես նշվում է, կիրակի օրը ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին 51-ամյա իրավապահի մահվան մասին՝ չբացահայտելով միջադեպի պատճառները:
Գործակալությունը չի հստակեցրել, թե արդյո՞ք Կապիտոլիումի ոստիկանության սպայի մահը կապված է շենքի գրոհի հետ:
Լիբենգուդը 2005 թվականից աշխատել է Կոնգրեսի շենքում որպես ոստիկանության սպա:
Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած հանրահավաքի ժամանակ իր համակիրներին հորդորել է գնալ Կապիտոլիում՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցում «թույլ հանրապետականներին օգնելու համար»: Թրամփի կողմնակիցները պաշարել են Կապիտոլիումը, ներխուժել են շենք և ընդհատել Կոնգրեսի համատեղ նիստը, որտեղ ընթանում էր նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի հաստատումը:








































