Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նախօրեին ամփոփեց իր ելույթը «Airthings Masters» խոշոր մրցաշարում։ Արոնյանն իր շան հետ արված լուսանկար էր հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքում և գրել. «Դա լավ պայքար էր, Պոնչիկ։ Հաջորդ անգամ մենք բոլորին կհաղթենք, խոստանում եմ։
Շնորհակալություն աջակցության համար»։ Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը «Airthings Masters» մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։Եզրափակիչում հայ շախմատիստը մրցակիցն էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հունվարի 2-ին կայացած խաղի առաջին կեսից հետո Արոնյանը զիջում էր 1․5: 2․5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով, երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:Հունվարի 3-ին կայացել էր խաղի երկրորդ կեսը։ Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում, իսկ երկրորդում պարտվել էր:
Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2․5:1․5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3:1, 2:1:«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել էր դեկտեմբերի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար: Եթե փորձենք մեկ բառով բնութագրել Արոնյանի ելույթն այս մրցաշարում ապա պետք է այն պետք է որակենք գերազանց։
Վերջին շրջանում մեր գրոսմայստերը ցուցադրում է կայուն և բալանսավորված խաղ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Արոնյանը կրկին ձեռնոց է նետել համաշխարհային շախմատի գիգանտներին։ Այո, եզրափակում մեր գրոսմայստերը ցավալի պարտություն կրեց, բայց․․․։ Նման մրցաշարում երկրորդ արդյունքը ցույց տալը ընդունենք, որ հաղթանակ է։
Առանց քաղաքական երանգներ հաղորդելու եզրափակիչ մրցամարտին պետք է արձանագրենք, որ 2021 թվականը Արոնյանը սկսեց հաղթանակով՝ խոստանալով զարգացնել հաջողությունը։






































