Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի 52 աշխատակից պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Էականորեն վտանգված են մեր պետականության ճակատագիրն ու ապագան։
Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանի 410-ից ավելի անձնակազմից 52 հոգին են ստորագրությանը միացել։
«Նախաձեռնողները համալսարանի անունից խոսելու իրավունք չունեն, յուրաքանչյուրն արտահայտել է իր դիրքորոշումը։ Սա քաղաքացիական քայլ է, յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր մտքերն ազատորեն արտահայտելու, բայց համալսարանի աշխատանքի հետ դա բացարձակապես կապված չէ»,- ասաց ռեկտորը։
Հարցին՝ արդյոք սա քաղաքական միջամտություն չէ՞, ռեկտորը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր մտքերը, իր կարծիքն ունենալու, բայց իրենք իրավունք չունեն իրենց կարծիքը իրենց աշխատանքի հետ կապել։
«Որևէ մեկը բուհի անունից իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել, մեր գործառույթը ուսումնական, գիտական պրոցեսն է։ Մենք չենք զբաղվում քաղաքական գործունեությամբ, և եթե արել են՝ դա իրենց պրոբլեմն է, իրենք իրենց իրավունքից են օգտվել, բայց դա իրենց կարծիքն է անձնական։ Եվ այս դեպքում էլ իրենք համալսարանի անունից չեն հանդես եկել, որպես գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և այլն։ Դա իրենց կարծիքն է՝ որպես քաղաքացիների, ոչ մեկը համալսարանի անունից իրավունք չունի հանդես գալու»,- հավելեց ռեկտորը։











































