Արտահերթ ընտրությունը միայն իմ կամքով և ցանկությամբ չէ, դա պետք է կամենա ժողովուրդը, հանրությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդին հղումները քաղաքականության մեջ, բնականաբար, մշտապես հարաբերական են և առավելապես քաղաքական մարտավարություն ու տեխնոլոգիա են: Սակայն Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ խնդրո առարկան ունի իրապես հիմնարար նշանակություն՝ անկախ, թե արտահերթ ընտրության քաղաքական խնդրի հարցում ինչ փաստարկներ են բերում Նիկոլ Փաշինյանն ու նրա հրաժարական պահանջող ընդդիմությունը: Ակնառու է մի բան, որ ընտրությունը նախ պետք է ձևավորվի որպես բովանդակություն և սոցիալական բազա ունեցող երևույթ, որից հետո արդեն ինքնաբերաբար կհասնի քաղաքական գործընթացի և կազմակերպական իրողության մակարդակի: Իսկ իբրև բովանդակություն ձևավորվելու և սոցիալապես, այսպես ասած, բազավորվելու համար ընտրությունը չունի վարչապետի հրաժարականի կարիք, կամ արտահերթ ընտրության գործընթաց հայտարարելու, ժամկետ հռչակելու կարիք: Հարկ է իրավիճակը գնահատել սթափ և ռացիոնալ: Խնդիրն այն չէ, որ չպետք է ասել արտահերթ ընտրության մասին, չպետք է դիտարկել ժամկետներ և այլն: Այդ ամենը պետք է քննարկել, սակայն հարկավոր է ճշգրիտ սահմանել հաջորդականությունը: Այդ ժամկետներն են կախված բուն ընտրությունից, ոչ թե ընտրությունը ժամկետներից: Հայաստանում, հայաստանյան ներքաղաքական կյանքում մշտապես խախտված է եղել հենց ֆորմալություններից զերծ այդ հաջորդականությունը, որպես քաղաքականության տրամաբանություն: Ընտրության ֆորմալ ընթացակարգին է ստորադասվել քաղաքական բովանդակությունը, ինչի հետևանքով էլ դեգրադացվել են թե՛ ընտրության ֆորմալ ընթացակարգերը, ընտրական ինստիտուտը, թե՛ քաղաքականությունը իբրև երևույթ: Այդ պատճառով է, որ քաղաքականության մեջ իր հաստատուն ճեղքումն է իրականացրել քրեազոռբայությունը: Եվ այդ ճեղքման նոր հնարավորություն թույլ չտալու կամ ռիսկը զրոյացնելու համար է, որ գոնե ներկայումս չպետք է թույլ տալ, որպեսզի գերիշխի ֆորմալության տրամաբանությունը, իսկ բովանդակությունը շարունակի ստորադասվել դրան: Այստեղ է, որ հայաստանյան քաղաքական դաշտն ամլացել է և շարունակում է լինել այդպիսին, ինչի հետևանքն է այն, որ ընդդիմությունն էլ մնում է իր տարիների ֆորմալության շրջանակում՝ հայհոյանք, հանրահավաք, երթ, փրկություն և այլն: Այդ պայմաններում, ինչպես, ի դեպ, նաև 2018-ի հեղափոխությունը ցույց տվեց, ցավոք, դերակատարները կարող են իրողությունների և անգամ ողբերգությունների բերումով փոխվել տեղերով, սակայն նրանք շարունակելու են սնուցել գոյություն ունեցող ավանդույթն ու երևույթը: Պետք է փոխել հենց դա, և հին երևույթների տրամաբանությամբ ձևավորված իշխանությունը կփոխվի ինքնաբերաբար: Ավելին, կփոխվի քաղաքականությունը ամբողջապես, ոչ թե միայն իշխանությունը:








































