Ռեգիոնալ հարաբերական այցից հետո, որին, ըստ պաշտոնական տեղեկության, կորոնավիրուսի պատճառով չի կարողացել մասնակցել ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, նրա և ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների անունից տարածվել է հայտարարություն: Հայտարարության մեջ ուշադրության արժանին թերևս դրույթն է, որտեղ նրանք խոսում են կողմերին հետագա բանակցության համար առաջարկներ և գաղափարներ ներկայացնելու հանձնառության մասին: Ուշադրության է արժանի և այն, որ հայտարարության մեջ նշվում է, թե համանախագահները վերահաստատում են «մնացած հարցերի համապարփակ և կայուն կարգավորման» միասնական դիրքորոշումը: Դա պետք է ենթադրի Արցախի կարգավիճակի, տեղահանվածների կամավոր վերադարձի, Հայաստան-Արցախ կայուն հաղորդակցության հարցեր, որոնք նոյեմբերի 9-ից հետո բարձրացնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և որոնց մասին համատեղ հայտարարություն էին արել երեք երկրները արտգործնախարարների մակարդակով, դեկտեմբերի 3-ին Տիրանայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքի շրջանակում:
Այդ ամենով հանդերձ, մի բան է՝ հայտարարությունն ու նպատակները, ի վերջո՝ մենք Մինսկի խմբի համանախագահների թերևս հարյուրավոր հայտարարություններ ենք տեսել այս տարիների ընթացքում, և մեկ այլ բան՝ իրականությունը: Պատերազմ, հայկական կողմի պարտություն, Արցախի տարածքների օկուպացիա, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվություն, ընդ որում՝ անգամ դիվանագիտական մակարդակում համանախագահ երկրների հանդեպ:
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները, այցելելով Բաքու, արժանացել էին Ալիևի վերամբարձ և անգամ ինչ-որ իմաստով քամահրական վերաբերմունքի: Իսկ այդ իրականությունն ու ռեգիոնալ այցին հաջորդած հայտարարությունը լիովին տարբեր են, կամ այլ կերպ ասած՝ կա թուղթ կամ իրական վիճակ: Ընդ որում, այդ իրական վիճակի առումով առանցքայինն անգամ Բաքվի պահվածքը չէ, այլ այն, որ այդ պահվածքը հենված է Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների վրա: Այսօր ռեգիոնում հարցեր լուծում են նրանք, դա փաստ է:
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ի վիճակի են մրցակցել նրանց հետ այդ գործում: Ի վիճակի են, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքան է դա անելու նրանց ցանկությունը: Այստեղ առանցքային դերում անշուշտ Միացյալ Նահանգներն է՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Նրանք սկզբունքորեն ինչ խնդիրներ են դնելու ռեգիոնալ քաղաքականության համատեքստում նոր վարչակազմի քաղաքականության շրջանակում: Այդ խնդիրները ներառո՞ւմ են Արցախը, թե՞ ներկայիս ստատուս-քվոն Վաշինգտոնին սկզբունքորեն չի մտահոգում, և այն փոխելը նպատակ չէ, այլ գուցե հարցադրում այլ նպատակների հասնելու համար, քանի որ հիմնական շեշտադրումը ԱՄՆ-ը կարող է կատարել ձևավորված ստատուս-քվոյի պայմաններում արդեն ռեգիոնալ խաղի առավելության հասնելու վրա:







































