Սփյուռքն ամբողջովին անջատվել է Հայաստանից, սակայն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները մտահոգիչ են, հատկապես այն, որ որևէ քաղաքական պլատֆորմ առարկայական քննարկման չի արժանանում: Պետք է այնպիսի հարթակ ձևավորվի, ինչպես եղավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ: Այսպիս է կարծում Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա): Ըստ նրա՝ հետպատերազմյան Հայաստանում մտքերի հավաքման գործընթաց պետք է տեղի ունենա, ինչպես սկսվել էր Ցյուրիխի արձանագրություններից առաջ. «Մենք հիմա առավել քան երբևէ նման մտքերի փոխանակման կարիք ունենք: Նախագահը առաջարկներ ներկայացրեց այդ ուղղությամբ, կարծում եմ, պետք էր նստել և աշխատել։ Տեսա, որ նախագահը հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, գուցե Արարատ Միրզոյանը իր հավանությունը տա։ Այս առումով անելիք ունի խորհրդարանը, բայց խոսողին լսող է պետք:
Պետք է քննարկվի՝ իրապե՞ս տեխնոկրատ պետք է լինի վարչապետը, թե ոչ, ղեկավարման ի՞նչ ունակություններ պետք է ունենա, չես կարող ունակ կառավարություն ունենալ առանց ունակ վարչապետի, բայց մինչ այդ՝ նախ պետք է համախմբվենք, երբ այս տեսակ ճգնաժամի առջև է գտնվում, յուրաքաչյուր որոշում, որ պետք է առնվի, անմիջական հետևանքներ պետք է ունենա: Որպեսզի ծնկի եկած ժողովրդին ոտքի բերեն, երկու բան է պետք. Նախ՝ ժողովուրդը պետք է հասկանա խնդիրը, որ կարողանա լուծում տալ: Յուրաքանչյուր հոգեբանի մոտ երբ գնաք, առաջին բանը, որ պետք է հարցնի, ասելու է՝ ինչու ես եկել, եթե դուք չասեք խնդիրը որն է, մարդը պետք է ասի՝ ես ինչպես օգնեմ, երբ խնդիրը չգիտեմ, երկրորդ՝ երբ հասկանանք ինչն է մեր խնդիրը բոլոր բացասական հետևանքներով, կիմանանք ինչ պետք է անել: Մենք անընդհատ հաչում ենք ռուսի, թուրքի, ադրբեջանի, բոլորի վրա և չենք հասկանում՝ ուր ենք գնում»,-ասաց Շահինյանը: Ըստ նրա՝ քայլերի հաջորդականությունն պետք է նախանշվի:
Եվրամիությունը մտադիր է դոնորների համաժողով հրավիրել 2021թվականին Արցախի վերականգնման և զարգացման նպատակով: Շահինյանի դիտարկմամբ, կարևոր է այսպիսի համաժողովը, սակայն պետք է ունենալ նախ ծրագիրը, հետո նոր գումարներ հավաքել այն իրագործելու համար:
Բացի այդ, նրա խոսքով՝ ամբողջ Սփյուռքը այսօր պատրաստ է գումար տալ, բայց եթե մենք նույնիսկ 50 միլիարդ դոլար հավաքվի, պարզ չէ՝ ինչպես պետք է գործածվի:
«Երբ ես ծրագիր եմ գրում, գիտեմ՝ ինչպես պետք է հաշվետու լինեմ, դոնորները աջակցում են երբ ծրագիր ես ունենում, նախ պետք է ծրագիր ունենալ»,-հավելեց Սարգիս Շահինյանը։









































