ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում ասել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել: …Դեռ շատ հարցեր ունենք՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին»:
Նա նաև նշել է, որ շաբաթավերջին ռեգիոն կայցելեն Մինսկի խմբի համանախագահները, որպեսզի քննարկեն բանակցային գործընթացի վերսկսման հարցը: Վաշինգտոնը փաստորեն հայտարարում է, որ նոյեմբերի 9-ը չի դիտարկում որպես հակամարտության կարգավորում և ավարտ։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ ամսից ԱՄՆ-ում վարչակազմն ամբողջությամբ փոխվելու է, պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հայտարարություններից ոգևորվելու մեծ առիթ չկա: «Նոր նախագահ, նոր պետքարտուղար, քաղաքական նոր թիմ։ Այդ նոր քաղաքական թիմի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ կարող է էապես տարբերվել։ Նոր թիմի հայացքները կարող են էապես տարբերվել նախկին քաղաքական թիմի հայացքներից։ Չեմ կարծում, իհարկե, որ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, բայց համենայնդեպս որոշ շեշտադրումներ կփոխվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ վերը նշված հայտարարությունը պետք է դիտարկել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում. «Այս դեպքում պատկերը մեզ համար ավելի պարզ կդառնա։ ԱՄՆ-ը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ ու այսպիսով փորձ է կատարելու այս ամենը կիրառել Ռուսաստանի դեմ ՝ որպես միջազգային քաղաքականության մեջ լրացուցիչ ճնշման մեխանիզմ»։
Սուրեն Սարգսյանը նաև նշեց, որ նման հայտարարություններից կարելի է օգտվել բացառապես այն դեպքում, եթե ունենանք համապատասխան կարողություններ ու հմտություններ, պրոֆեսիոնալիզմ. «Ես դժվարանում եմ ասել՝ արդյոք մենք ունե՞նք կայացած դիվանագիտություն, կայացած արտաքին քաղաքականություն։ Եթե մենք մեր արտաքին քաղաքականության մեջ ունենայինք այդ ատրիբուտները, բնականաբար կկարողանայինք օգտվել ցանկացած տեսակի հայտարարությունից, դրանք օգտագործել մեր շահերի համար։ Բայց, ցավոք սրտի, այդ որակներն այսօրվա իշխանությունները չունեն»։
Մեր այն դիտարկմանը, թե ընդունված է համարել, որ Բայդենն ավելի հակառուս քաղաքական գործիչ է, քան Թրամփը, այս իմաստով հնարավո՞ր է նման ոճի հայտարարություններն ավելի սրվեն իր վարչակազմի օրոք, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Սովորաբար շատ հետաքրքիր մի պրոցես է տեղի ունենում։ Ցանկացած վարչակազմ նախքան գալը կամ գալուց հետո որոշակի հայտարարություններ է անում, որոնք հետագայում հնարավոր է ի կատար չածվեն։ Հիշում ենք, օրինակ, Օբաման խոստանում էր Ցեղասպանությունը ճանաչել, բայց դա տեղի չունեցավ։ Նմանատիպ բաներ կարող են լինել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Այնպես որ, այո՛, տարատեսակ հայտարարություններ արվում են, բայց դրանք վերջնական չեն և պետք է հստակեցվեն, երբ որ նոր թիմը լինի Սպիտակ տանը»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ֆիլիպ Ռիկերի հայտարարությանը, ընդգծեց. «Ըստ երևույթին ամերիկյան կողմը հասկանում է, որ ռուսական կողմը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափից առանձին իր սեփական խաղն է տարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված լինեն համաձայնել ռուս խաղաղապահների՝ Արցախ մուտքին»։
Ըստ Վարդանյանի՝ նախկինում էլ Ռուսաստանը փորձել է այդ պլանն իրագործել, բայց թե՛ հայկական կողմը և թե՛ Ադրբեջանը դեմ են եղել. «Այժմ ստեղծվել էր մի իրավիճակ, որ հայկական կողմը տարածքներ էր կորցնում ու ստիպված համաձայնեց։ Ադրբեջանն էլ ստիպված եղավ, որովհետև եթե չհամաձայնեին Լավրովի պլանին, ապա շատ հանգիստ Ռուսաստանը կարող էր բեկում մտցնել ռազմադաշտում, օգնել հայերին, ու հայկական կողմը կվերադարձներ տարածքները։ Այսինքն՝ ստեղծվեց մի իրավիճակ, որ ռուսները շատ հմուտ ձևով իրենց խաղն առաջ տարան և մյուս համանախագահներին դուրս թողեցին գործընթացից»։







































