Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ պետք է ընդունել պարտությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանը պետք է 50 միլիարդ դոլար փոխհատուցում վճարի Ադրբեջանին։ Այսօր էլ ռազմական շքերթի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրը, Երևանը և Սևանը ադրբեջանական տարածքներ են։
Այս երկու հակասական հայտարարությունների ֆոնին արդյոք հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Որպեսզի մենք ընդհանրապես մտածենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին, պետք է քիչ թե շատ վերականգնենք մեր միջազգային սուբյեկտությունը, որ կարողանանք ինչ-որ դիրքերից երկխոսություն սկսել այդ երկու երկրների հետ։ Պետք է նշեմ, որ ընդդիմության ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը նույնպես ասում է, որ պետք է երկխոսություն սկսենք երկու հակառակորդ պետությունների հետ։ Այսինքն՝ այդ առումով և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, կարծես թե, նույն դիրքորոշումներն ունեն։ Սակայն այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ իրար հետ մեր այդ երկու բևեռները երկխոսելու որևէ հնարավորություն կամ ցանկություն չեն տեսնում։ Դա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև մեր միջազգային կշիռը վերականգնելու համար առաջին հերթին պետք է երկրում հաստատել կայունություն և ունենալ այնպիսի իշխանություն, որը կիրականացնի և՛ անվտանգային, և՛ դիվանագիտական ոլորտում այնպիսի քաղաքականություն, որ մեզ հետ կցանկանան հարաբերություններ ունենալ նաև այնպիսի երկրներ, որոնց հետ ունենք հակասություններ»։
Այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը․ պետք է գույքագրի՞ թուրք-ադրբեջանական մարտահրավերները․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Այդ մարտահրավերները գույքագրելու կարիք չկա։ Արդեն բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ երկու պետությունները չեն բավարարվելու այս ձեռք բերվածով։ Նրանք հետագայում աչք են գցելու Ղարաբաղի այն 20 տոկոսի վրա, որն իրենց վերահսկողության տակ չէ, ինչպես նաև Սյունիքի մարզի վրա։ Ճիշտ է՝ դրա մասին դեռ մեկ-մեկ է խոսվում, բայց ակնհայտ է, որ նեոօսմանիզմի գաղափարը դուրս չի մնացել Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգից»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































