Մեր խնդիրն է աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում, ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը: ՌԴ նախագահը այդպիսով մի քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի վարչապետին ներքաղաքական պայքարում: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ աջակցությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավիճակի բոլոր հիմնական դերակատարները Ռուսաստանի նախագահի խոսքին և դիրքորոշմանը վերաբերում էին իհարկե «մեծ ակնածանքով», համարելով դա քաղաքական վարքագծի հիմնական կողմնորոշիչ:
Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ընդդիմությունը, լսելով Պուտինի հայտարարությունը, անմիջապես դադարեցնելու էր քաղաքական պայքարն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, սակայն գրեթե կասկած չկա, որ ՌԴ նախագահի հայտարարություններն են կանխորոշելու առերևույթ տեղի ունեցողի տողատակը: Պուտինը հայտարարում է, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին, և դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Պուտինին Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Ընդ որում, նա նաև ակնարկում է այդ մասին՝ նշելով, որ խաղաղ կյանքի կարգավորումից բացի, կա նաև որոշումների հետագա իրագործման հարց: Իսկ սա, թերևս, ամենահետաքրքիրն է, որովհետև կարևոր է հասկանալ, թե ինչ որոշումների մասին է խոսքը: Ելակետը հասկանալիորեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, որով Հայաստանը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է Ադրբեջանին վերադարձներ հայտնի երեք շրջանները: Ըստ էության, նոյեմբերի 9-ի ժամանակացույցը դրանով էլ ավարտվել է, և համաձայնագրի մնացյալ թեմաները՝ մարդասիրական հարցերից մինչև հաղորդուղիների ապաշրջափակում, չունեն սահմանված կոնկրետ ժամկետներ: Ավելին, կարծես թե չկան սահմանված կոնկրետ պարտավորվածություններ: Այդ հանգամանքը ավելի է սրում ինտրիգը, թե ինչ որոշումների իրագործման մասին է խոսքը: Առավել ևս որ Հայաստանի ընդդիմությունը գործնականում կասկածի տակ չի էլ դրել դրանք իրագործելու իր պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ ընդունում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որպես իրողություն և ընդամենը դնում պարտված վարչապետի, կամ ինչպես իրենք են ասում՝ «դավաճան» վարչապետի հեռացման պահանջ, թեև Պուտինը նաև ասել էր, որ չկա Նիկոլ Փաշինյանին դավաճանության համար մեղադրելու հիմք: Կա՞ն այլ որոշումներ, որոնցից վարչապետի հրաժարական պահանջող ընդդիմությունը, հայաստանյան քաղաքական այլ ուժեր ու հանրությունը տեղյակ չեն և տեղեկանալու են հաջորդիվ, և որոնք դեռ պահանջելու են վարչապետ Փաշինյանի այն խիզախությունը, որի մասին ՀԱՊԿ Վեհաժողովում խոսել է ՌԴ նախագահը:







































