Նոր Զելանդիայում Trade Me օնլայն կայքում աճուրդի է հանվել «Իմ կյանքի լույսը» (Light of My Life) նկարը՝ կատարված է 56 նկարիչների կողմից: Այս մասին հաղորդում է The New Zealand Herald-ը: Նկարի մեծությունը կազմում է 13×1.15 մ, որի վրա պատկերված են 56 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ նկարիչների գործեր: Ինչպես նշել է Նոր Զելանդիայի արվեստների միության տնօրեն Սոֆյա Էլիզը, իրենք` նկարիչները, չեն իմացել, թե ինչպիսին կլինի նկարի վերջնական տեսքը:
Յուրաքանչյուր հեղինակի առաջարկվել է նկարել «մեր ապագան» թեմայով, ընդ որում` յուրաքանչյուրը պետք է աշխատեր այն ոճով, որով սովորաբար սեղծագործում է: Արդյունքում՝ «Իմ կյանքի լույսում» կա և՛ խճանկար, և՛ լուսանկար և՛ յուղանկար, որոնք կատարված են աբստրակտ, էքսպրեսիոնիզմի և ռեալիզմի ոճերով:







































