| «Ընդհանրապես ահաբեկիչներին տարածաշրջան տեղափոխելն արդեն իսկ միջազգային աղմուկի պատճառ է, բայց մեր Քաղավիացիայի կոմիտեն պետք է նամակներով խեղդի միջազգային կառույցներին, ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրականտրոլ»-ին (Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպություն), որ Թուրքիան ու Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ են տեղափոխում, և պահանջենք վերահսկել քաղաքացիական օդանավերն ու լիցենզիայից զրկել այդ ավիաընկերություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն նախօրեին տեղեկացրեց, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով, առանց փաստաթղթերի։ «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա։ Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել, և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Ե՛վ օդանավակայանները, և՛ օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Շահեն Պետրոսյանը հիշեցնում է, որ ԻԿՕ-ի փաստաթղթերով արգելվում է քաղաքացիական օդանավերով ռազմական բեռներ տեղափոխել, քաղաքացիական օդանավերը օգտագործել ռազմական նպատակներով և այլն։ Եվ քանի որ այդ փաստն արդեն ապացուցված է, ապացույցների կարիք չկա այլևս, ադրբեջանական, թուրքական ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից. «Բայց Թուրքիան ԻԿԱԿ-ի անդամ է, պետք է հետևի բոլոր պահանջներին, բայց իրենք էլ կարող են արդարանալ, թե քաղաքացիական նպատակներով են օգտագործում, և թե հետո Ադրբեջանը ինչպես է վարվում, իրենք տեղյակ չեն։ Կոպիտ ասած՝ կարող են իրենց էշի տեղ դնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք։ Քաղավիացիայի կոմիտեն գիշեր-ցերեկ պետք է նամակներով խեղդի ԻԿՕ-ին, ԻԿԱԿ-ին, «Եվրականտրոլ»-ին։ Դա արդեն պետք է արված լինի»,- ասաց Պետրոսյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ ցավոք, այս մարմինները պատժամիջոցներ չեն կարող կիրառել, քանի որ վերահսկողական ու խորհրդատվական մարմիններ են։ Պատժամիջոցներ կարող է կիրառել, ասենք, Եվրամիությունը և Ադրբեջանը ճանաչվի անօդային տարածք, կամ Վրաստանը, որը թույլ է տալիս իր օդային տարածքով քաղաքացիական օդանավերով ահաբեկիչներ ու ռազմական բեռներ տեղափոխել։ «Այս հաստատված փաստն ունենալով՝ մենք պետք է դիմենք տարբեր երկրների իշխանություններին, որ սանկցիաներ կիրառվեն»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։ Նշենք, որ «Եվրակոնտրոլ»-ը միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են 41 պետություններ։
|
Նշենք նաև, որ նախօրեին էլ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության, Օդանավակայանների միջազգային խորհրդի ու այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի գործողություններին այն բանի համար, որ դեպի Բաքու չվերթներից մեկի տոմսի վրա գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջանն է»։ Արձագանքելով դրան՝ Թվիթերի իր միկրոբլոգում Տաթևիկ Ռևազյանը նշել էր կազմակերպությունն ու գրել. «Եվս մեկ անգամ Ադրբեջանն օգտագործում է ավիացիան որպես քաղաքական ուղերձների պլատֆորմ։ Այս անգամ սա իսկապես զվարճալի է»։








































