ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ։ Այսօր ընդունված հայտարարության մեջ միջնորդները Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար տարածաշրջանի աղետալի հետևանքները կանխելու նպատակով։
Ինչպես տեսնում ենք՝ այստեղ նորից շեշտադրումները չեն փոխվում, այսինքն՝ չկա հասցեական որևէ կողմ։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ եռանախագահները չեն կարողանում կոնկրետ վկայակոչել, այսպես ասած՝ մեղավորին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Նախ՝ առանց այդ վերահսկման մեխանիզմների կիրառման, բնականաբար, Մինսկի խումբը որևէ մեկի պատասխանատվության վերաբերյալ չի կարող կարծիք հայտնել։ Նույնիսկ եթե խոսքը գնում է նրա մասին, թե որ կողմն է խոչընդոտում վերահսկողության մեխանիզմների կիրառմանը, կարծում եմ՝ Մինսկի խումբը ստիպված է չեզոքություն հանդես բերել, որովհետև առանց այդ էլ իր գործունեության նկատմամբ վերաբերմունքը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շատ քննադատական է։ Այդ պատճառով, փորձելով պահպանել միջնորդի իրենց առաքելությունը, համանախագահները փորձում են որևէ կողմին չնյարդայնացնել։
Ամեն դեպքում, հայտարարությունը կարևոր է, որովհետև լրացուցիչ անգամ ուշադրության է հրավիրում, որ հրադադարը չի պահպանվում, իսկ կարևոր դեր խաղացող պետություններն այդ հայտարարությունից կարող են եզրակացություններ անել։ Ամբողջ աշխարհի համար արդեն պարզ է, թե ով է նախաձեռնել այդ պատերազմը։ Այնպես որ, ես Մինսկի խմբից ավելին չէի ակնկալում»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































