Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի համագործակցության օրինակ են:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան հիմնարար տարբերություններ: Բայց նույնիսկ հաշվի առնելով այս հանգամանքը, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ: Օրինակ ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը: Այնտեղ մենք, Մինսկի խմբի համանախագահներս, նույն կողմում ենք եւ փորձում ենք վերադարձնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջան», – շեշտել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնեւում կայացած հանդիպմանը Ռոբերտ Օ’Բրայենը եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:









































