Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ կարգադրել է գաղտնազերծել 2016թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Հիլարի Քլինթոնի կողմից իր պաշտոնավարման ընթացքում (ԱՄՆ պետքարտուղար) անձնական էլփոստը պաշտոնական նամակագրության համար օգտագործելու հետ կապված հետաքննություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը:
«Ես լիազորել եմ գաղտնազերծել բոլորին և բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ քաղաքական հանցագործությանը՝ ռուսական խաբեությանը: Սա վերաբերում է նաև Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալին: Ոչ մի կրճատում»,- գրել է նախագահը:
«Ռուսական խաբեություն». այսպես է նախագահ Թրամփն ավանդաբար բնութագրում Ռուսաստանի պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ իր նախընտրական շտաբի մարդկանց կապերի հետաքննությունը, որը սկսվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից 2016թ.-ի հուլիսին և ավարտվել 2019թ.-ին՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից: Հետաքննության արդյունքում բացահայտվել են Ռուսաստանի կողմից իրականացված կիբերգործողությունների փաստեր, որոնց նպատակը եղել է ամերիկյան նախընտրական գործընթացին միջամտելը, մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիների, սակայն չեն հաստատվել Ռուսաստանի հետ Թրամփի մերձավոր մարդկանց կապերի կամ համագործակցելու կասկածները:
Դոնալդ Թրամփը և նրա համախոհները պնդում են, որ հետաքննությունը սկսվել է առանց հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բավարար հիմնավորման՝ Դոնալդ Թրամփի թեկնածությունը խարխլելու նպատակով: Փաստաթղթերի գաղտնազերծումը, ըստ նախագահի, ակներևաբար կհաստատի նրա ճշմարտացիությունը:








































