Մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ, International Studies կենտրոնի ղեկավար Սերգեյ Մելքոնյանը հնարավոր է համարում, որ առաջիկա օրերին Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենքի մատակարարումը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հայտարարությունն այդ մասին՝ Մելքոնյանը նշեց. «Դա իսկապես հնարավոր է՝ ելնելով հետևյալ հանգամանքներից. առաջին հերթին՝ իսրայելական հանրությունը, իմանալով ռազմական գործողությունների ժամանակ զենքի մատակարարման մասին, հայտնել է այդ հարցի շուրջ իր կտրուկ բացասական արձագանքը՝ պաստառներ դրսում, ԶԼՄ-ներում մասսայական հրապարակումներ։ Երկրորդ՝ առավել հնարավոր է, որ մատակարարման այս փուլը, իսկ հնարավոր է նաև պայմանագրով նախատեսված ամբողջ խմբաքանակի մատակարարումը իրականացվի առաջիկա օրերին և ավարտվի։ Ուստի մի քանի օր անց Իսրայելի ողջ պարտավորությունները Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված արդեն կատարված կլինեն։ Առավելագույնը, ինչ կարող է անել հայկական դիվանագիտությունը, թույլ չտալ նոր ռազմական պայմանագրերի կնքում»։

Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ դեսպանը Թել Ավիվում է, իսկ Իսրայելում շատ խիստ կարանտին է հայտարարված։ Նման պայմաններում, ըստ մեր զրուցակցի, մեծ հաջողությունների հասնելը հավանական չի թվում. «Շատ մեծ դիվանագիտական աշխատանք է իրականացնում նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսրայելը հանդես է գալիս Թուրքիայի քաղաքականության դեմ։ Օրերս եղավ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հայտարարությունը առ այն, որ Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը և աջակցում է ագրեսիային։ Տարածվել է նաև Մոսադի ղեկավար Յուսի Քոհնի հայտարարությունն առ այն, որ Թուրքիան Իրանից ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում»։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ այս պահին ո՛չ Արցախը և ոչ էլ Հայաստանը չեն ստանա այն աջակցությունը, որը նրանք կցանկանային ստանալ համաշխարհային գերտերություններից. «Առավել ևս չարժե հույսը դնել Իսրայելի աջակցության վրա Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության ֆոնին՝ չնայած Իսրայելի արտաքին քաղաքականության ակնհայտ հակաթուրքական բաղադրիչին»։









































