Հայաստանի ներդրումային միջավայրի վրա որոշակի բացասական ազդեցություն են թողնում քաղաքական իրադարձությունները, որոնց պատճառով գործարարները խուսափում են մեծ ծավալի ներդրումեր անել: Նման կարծիք «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:
Ընդհանուր առմամբ, ներդրումային միջավայրը Է.Կիրակոսյանը բարենպաստ գնահատեց՝ և՛ օրենքների առկայության, և՛ շահույթ ստանալու տեսակետից:
«Օրենքները բարենպաստ են, սակայն մեր ընդհանուր թերությունն է՝ լավ օրենք, վատ կիրառություն»,- փաստեց Է.Կիրակոսյանը:
Նրա կարծիքով՝ օտարերկրյա ներդրողների համար այսօր ամենագրավիչը լեռնամետալուրգիական ոլորտն է, որտեղ քիչ գումար ներդնելով կարելի է արագ շահույթ ապահովել: Է.Կիրակոսյանը նշեց, որ թերությունն այն է, որ երկիրն աստիճանաբար դառնում է հումք արտահանող երկիր և ոչ թե արտադրող. «Դա է հիմնական խնդիրներից մեկը, որ կարողանանք այնպես անել, որ արդյունաբերությունը զարգանա: Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է երկրում արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է իրոք վերականգնել եթե ոչ նախկինում ունեցած ողջ արդյունաբերական ծավալը, ապա գոնե այն, ինչ հնարավոր է»:
Այսօր Հայաստանը հիմնականում արտահանում է հումք, գյուղմթերքի վերամշակված արտադրանք, խմիչք, ըստ Է.Կիրակոսյանի՝ ընդամենը մի 10 արտադրատեսակ, ինչն աններելի է:









































