Ռուսաստանը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է համարում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ելնում ենք այն բանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,- հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում: Երկրի քաղաքացիներն ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։ Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ և նույնիսկ՝ զոհեր:
Ավելի ուշ երկրում գործադուլներ սկսվեցին խոշորագույն ձեռնարկություններում, որոնց աշխատակիցները նոր ընտրությունների անցկացում են պահանջում։ Ընդդիմադիր բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։