Գերագույն դատարան ստեղծելու գաղափարն ի՞նչ նպատականեր է հետապնդում: «Առաջին լրատվականի»- հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ այդ նախաձեռնությունը կապված է երկու կարևոր հարցերի՝ արդարության մթնոլորտի և վստահության վերականգնման հետ: «Ինչ պետք է անել, որ վստահության մթնոլորտ ստեղծվի և արդարություն հաստատավի: Մենք 25 տարվա փորձ ունենք առանձին Սահմանադրական դատարան ունենալու, բայց արդյո՞ք առանձին ՍԴ ունենալը նպաստեց հասարակական վստահության ձևավորմանը… Ես ողջունում եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի այն 8 անդամներին, ովքեր խիզախություն ունեցան առաջարկելու նոր գաղափարներ: Բացի նրանից, որ մեզ զրկել էին միմյանց հանդեպ վստահությունից և արդարությունից, մեզ նաև մեծապես զրկել էին մեծ բաների մասին երազելու ունակությունից, որը շատ կարևոր է հասարակության զարգացման համար»:
Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե այս նախաձեռնությամբ փորձ է արվում ազատվել ՍԴ-ից. «Նպատակը մեկն է՝ ապահովել արդարություն քաղաքացիների համար: Կարևոր է, թե ովքեր են համալրելու կա՛մ առանձին դատական կառույցները, կա՛մ Գերագույն դատարանը: Մեզ պետք են արդար վճիռներ կայացնող անհատներ, ովքեր կկայացնեն ինստիտուտները»:
«Ասֆալտ փռելը կամ ճանապարհաշինարարությունը մեզ չեն օգնի, եթե չվերականգնենք արդարության մթնոլորտը»,- ընդգծեց Հայկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Գերագույն դատարանի անդամները պետք է կրեն արժեք, մշակույթ. մեր արժեհամակարգի վրա պետք է լրջորեն աշխատենք:
Մանրամասն՝ տեսանյութում:








































