ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Կանադայի նախկին վարչապետ Քիմ Քեմբելի հետ:
-Տիկին Քեմբել, շատ ուրախ եմ ողջունել Զեզ մեր հաղորդաշարում: Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար:
-Ես նույնպես ուրախ եմ զրույցի համար: Ես եղել եմ Երևանում տարիներ առաջ: Շատ լավ հիշողություններ ունեմ իմ Հայաստանյան այցից: Անգամ անվանական հայկական կոնյակ եմ նվեր ստացել, որը շատ յուրահատուկ նվեր էր:
– Պատկերացնում եմ ինչ տպավորություններ ունեք Հայաստանից:
– Շատ հաճելի, շատ հաճելի տպավորություններ:
– Տիկին Քեմբել, covid 19-ը ոչ միայն ազդեց տնտեսական համակարգերի վրա, այլ նաև աշխարհաքաղաքականության վրա՝ սրելով միջազգային հակասությունները առանցքային դերակատարների միջև: Ինչ եք կարծում, պանդեմիան կփոխի աշխարհաքաղաքական վերադասավորությունը?
– Կան մի քանի կառուցակազմիկ ուղիներ, որոնք կհանգեցնեն աշխարհաքաղաքական վերադասավորումների, սակայն շատ բան կախված է կոնկրետ առաջնորդների գործելաոճից: Կարծում եմ, եթե ԱՄՆ-ը ունենար այլ առաջնորդ, այս պանդեմիան կարող էր առիթ հանդիսանար առավել մեծ միջազգային համագործակցության՝ ամրապնդելով միջազգային հաստատությունները, օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կարծում եմ մենք ականատեսն ենք, ինչպես ես կանվանեի, հիմարապետությունունների. առանձին առաջնորդների թուլություները և ձախողումները կարող են թուլացնել հաստատությունների արժեքները, որոնք նախատեսված էին մեզ օգնել այսպիսի իրավիճակներում: Հիշում եմ, սաարի էպիդեմիայի ժամանակ, երբ չինացիները դանդաղում էին, Կանադան առանցքային դերակատարում ունեցավ, քանզի Տորոնտոն դարձավ համաճարակի էպիկենտրոն: Դրանից հետո չինացիներն ընդունեցին, որ պետք է հաղորդակցությունը բարելավել: Նշենք հասկացան, որ խնդիրները ընդունելով չեն կորցնի իրենց դեմքը, ընդհակառակը, որքան արագ ես արձագանքում և որքան համագործակցային դիրքորոշում ունես, այնքան ավելի մեծ հարգանք ունես այլ երկրների ժողովուրդների շրջանում: Նախագահ Շիի առաջնորդությամբ Չինաստանը առավել կենտրոնացված պետություն է դարձել, առավել անձակենտրոն, և մարդիկ վախենում են վիրավորել նրան և այդպիսով սխալներից մեկը, որ չինացիներն անում են իրավիճակի մասին չարտահայտվելն է: Սա սաարի համաճարակի դասերից է: Կարծում եմ, աշխարհաքաղաքական ազդեցությունների պատճառներից է առանձին առաջնորդների գործունեությունը: Օրինակ Բորիս Ջոնսոնի քաղաքականությունը աղետալի է: Կրկին, երկրները միայն կարող են այնքան լավը լինեն, որքան իրենց հաստատություննեը թույլատրված են գործելու: Կարճ ասած աշխարհաքաղաքական վերադասավորումները շատ լայն ընդգրկում ունեն, և covid 19-ը գործոններից մեկն է միայն, որը ցույց է տալիս, թե ինչպես վատ կառավարումը կարող է խարխլել լավ հաստատությունները:
– Շնորհակալություն, դուք խոսեցիք շատ հետաքրքիր խնդրի՝ հաստատությունների դերի մասին: Կցանկանային խոսեինք հասարակություն-կառավարություն հարաբերությունների հաստատության մասին: Վստահությունը կառավարության նկատմամբ և սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր նախապայմաններից են covid 19-ի դեմ արդյունավետ պայքարի համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը ձեր երկրում՝ Կանադայում, կապված հասարակական դաշինքի հետ համաճարակի դեմ պայքարում:
– Ամիսներ առաջ ես տեսա միջազգային մի սոցիալական հարցում, որը համեմատում էր տարբեր երկրներում կառավարությունների ունեցած վստահությունը. Կանադան շատ բարձր հորիզոնականում էր: Գիտեք, Կանադան շատ մեծ երկիր է, սակայն փոքր բնակչությամբ և կառավարությունը ստիպված է կարևոր դերակատարում ունենալ մեզ համար: Իբրև նախկին վարչապետ ես միշտ ասում էի, որ յուրաքանչուր երկու կանադացի ունի երեք կարծիք, կանադացիները կարող են շատ քննադատող լինել քաղաքական գործիչների նկատմամբ, քանզի նրանք ունեն բարձր ակնկալիքներ: Բայց նրանց ընդհանուր առմամբ վստահում են: Դա է պատճառներից մեկը, որը կոռուպցիան չի հանդուրժվում այստեղ: Նման դրսևորումներն անընդունելի են և զարմանալի այստեղ, քանզի ժողովուրդը ունի վստահություն կառավարության նկատմամբ: Ընդհանուր առմամբ կանադացիները բարձր վստահություն ունեն կառավարության հանդեպ: Բացի այդ մենք դաշնային պետություն ենք, և մենք ունենք ուժեղ տեղական կառավարություններ: Կան եռամակարդակ լիազորություններ կառավարման խնդիրները լուծելու: Պանդեմիայի ընդացքում կանադացիները շատ համագործակցային էին և վստահող: Եվ նոր հերոսներից ոմանք, ոչ թե քաղաքական գործիչներն էին, այլ բժշկական անձնակազմերի ղեկավարները. Լավ օրինակ ունենք Բրիտանական Կոլումբիա նահանգում: Կանադայում հանրությունը պատրաստված է վստահել: Այս առումով մենք տարբեր ենք ամերիկացիներից: Անշուշտ տարբերություններ կան Կանադայում տարբեր պրովինցիալ մակարդակներում, խնդիրներ կան Քվեբեկում, սակայն ընդհանուր առմամբ կանադացիները պատրաստված են համագործակցության կառավարության հետ: Սա կապված է նաև Կանադայում կրթության ոլորտի բարձր մակարդակի հետ: Լավ կրթված բնակչությունը կառավարության հետ լավ գործընկեր է ճգնաժամը հաղթահարելու գործում:
– Համաձայն եմ, հաճելի է լսել Կանադայի այդպիսի լավ փորձառության մասին: Սակայն այս օրերին մենք ականատես ենք նաև աշխարհի գրեթե բոլոր հատվածներում անհավասարության աճի. Արևմուտք, Արևելք… Այլ խոսքով covid 19-ը դարձել է սոցիալական և տնտեսական անհավասարության խորհրդանիշ: Ի՞նչ քայլեր պետք է կառավարությունը ձեռնարկի այս անհավասարությունները հարթելու և վատագույնից խուսափելու համար:
– Անհավասարության ակունքները երկրից երկիր տարբեր են: Անհավասարությունները, Միացիալ նահանգների օրինակով, մեծապես կապված են կրթական տարբերությունների հետ: Այս բաժանումը մեծ է այն մարդկանց միջև, որ ունեն միջնականգ կրթություն և բարձրագույն կրթություն: Կանադան առավել հավասար երկիր է, քան ԱՄՆ-ը. Մենք ունենք հավասարություններ կրթական ոլորտում, մենք ունենք հավասարություններ բնակչության տարբեր խմբերի միջև, բայց, օրինակ, բնիկ բնակչությունը նույն կերպ չի օգտվում հասարակության բարիքներից: Կանադայում բնակչության առավել բարձր տոկոսն ունի բարձրագույն կրթություն: Անհավասարության բացը հարթելու միջոցները առավել հասանելի են կանադացիներին: ԱՄՆ-ում այդ բացը շատ մեծ է: Կրթությունը անհավասարության հարթման հիմնարար նախադրյալներից է: Կրթության հասանելիության հանգամանքով են պայմանավորված նաև աֆրոամերիկացիների և ներգաղթյալների խնդիրները: Կարծում եմ անհավասարության բացը հաղթահարելու արդյունավետ ձևերից մեկը կառավարություների համար կարող է լինել կրթության հասանելիության խնդրի լուծումը: Նմանապես, վերջին անհնազանդությունները ԱՄՆ-ում, հաշվի առնելով ամերիկացիների զենքի մշակույթը և միլիտարիստական ավանդույթները, խնդիրներ առաջացրեցին քաղաքացիական կարգը և սոցիալական խզումը վերականգնելու համար: Այլ խնդիր է անտուն մարդկանց կարգավիճակը: Ֆինլանդիայում սա շատ լավ հասկանում են և գտել են հաջողակ լուծումներ այս սոցիալական քայքայիչ երևույթի դեմ: Վանքուվերում, որն ի դեպ իր մեղմ կլիմայով շատ նման է Երևանին, այս խնդիրն այլ է, քան արևելյան Կանադայի ցուրտ քաղաքներում: Խնդիրը միայն ապաստան ունենալը չէ, ոստիկանները նույնպես պատրաստված չեն այդ խնդիրներով զբաղվելու: Այսպիսով, անհավասարության խնդիրները պահանջում են իրական պատասխաններ և ստեղծել հաստատություններ, որոնք իրապես կզբաղվեն այդ խնդիրներուվ: Մարդկանց բանտեր նետելը այդ հարցերը չեն լուծի, ինչպես Չարլզ Դիկենսի պատմվածքներում են այդ խնդիրը պատկերված: Մենք պետք է նայենք անհավասարության կառուցվածքային պատճառներին: Կանադայում անհավասարությունը շատ ավելի քիչ է քան ԱՄՆ-ում, սակայն այս խնդիրը հիմնականում առկա է բնիկ բնակչության պարագայում: Եվ մեր ձախողումներից է լուսանցքային խմբերի մշակութային ներառումը: Քանզի գերակշռող խմբերը հաճախ կույր են: Արտահայտություն կա, որ ճգնաժամը վատնելը վատ է: Ճգնաժամը կարող է հայելի դառնալ ձեր հասարակության համար՝ օգնելով տեսնել խնդիրները: Եվ եթե դուք խելացի եք, դուք թույլ չեք տա, որ վատ արդյունքները նորից կրկնվեն և covid 19-ը դառնա վերջին պանդեմիան: Մենք հաջողակ կլինենք եթե պատվաստանյութ հայտնաբերվի: Սակայն պետք է իրատես լինենք և հասկանանք, որ հավանաբար սա վերջին պանդեմիան չի և մենք պետք է դասեր քաղենք այս իրավիճակից: Ի՞նչ դասեր կարող ենք, որ ապագա համաճարակները այսպիսի կազմաքանդող չլինեն:
– Այո, համաձայն եմ ձեզ հետ, որ covid 19-ը մեզ շատ հետաքրքիր ուղերձներ է հղում. զբաղվել առավել խորքային սոցիալական ու քաղաքական խնդիրներով և այլն: Այժմ աշխարհը խորքային բազմաշերտ սոցիալական փոփոխությունների փուլում է: Այս ճգնաժամը մի կարևոր դաս է առ այն, որ covid 19-ը փորձաքննության է ենթարկում համերաշխության և հասարակական դաշինքի ամրությունը: Մի շատ հակիճ հարց՝ ի՞նչպես անցնել փորձաքննությունը:
– Կարծում եմ, որ այն երկրներում, ուր ժողովուրդը վստահում է կառավարություններին, և ոչ միայն կառավարություններին, այլ նաև հաստատություններին, որոնք լավ կազմակերպված են, ապա նրանք կառավարության համար լավ գործընկերներ են: Այդ կերպ, չենք ունենա իրավիճակ, որ ամեն ինչ կախված է կառավարություններից: Այստեղ է, որ մենք տեսնում ենք նաև պոպուլիզմի վտանգները, քանզի պոպուլիզմը շատ կապված է առաջնորդության ձևերի հետ, որը շատ անձնավորված է և հիմնված չէ ունակությունների վրա: Այն հիմնված է խարիզմայի կամ անձնական այլ հատկությունների վրա: Սա խնդիրներ է առաջացնում: Նայեք Չինաստանին, մարդիկ վախեցած են արտահայտվել իրավիճակի մասին, քանզի չեն ուզում անուղակի վիրավորել առաջնորդներին: Երբ մարդիկ մտածում են, որ կարող են պատժվել ճշմարտությունը ասելու համար, դա ավերիչ հետեվանքներ կարող է ունենալ: Պոպուլիստ ռեժիմները, ինչպիսին է Դոնալդ Թրամփի նախագահությունը, արհամարում են սոցիալական հաստատությունների դերը: Ժողովրդավարական համակարգերը պետք է հարգեն ժողովրդին, ամրացնեն հաստատությունների դերը և պաշտոնները բաշխվեն ոչ թե հավատարմության, այլ ունակությունների սկզբունքով: Ի վերջո քաղաքական առաջնորդները չպետք է վարվեն մաֆիայի ղեկավարների պես: Կարծում եմ սա է հանրային վստահություն ստեղծելու ճանապարհը: Երբ մարդիկ խաղում են բաժանարար գծերի վրա՝ հուսալով, որ դա կբարձրացնի իրենց անձնական դիրքերը, այդպիսով նրանք թուլացնում են հասարակությունը: Հարվարդի համալսարանի քաղաքագետ Ռոբերտ Պուտնամը իր Making Democracy Work գրքում խոսում է ժամանակակից Իտալիայում քաղաքացիական ավանդույթների, կառավարության, հաստատությունների և 1970-ական թվականների սահմանադրական վերափոխումների մասին: Շատ հետաքրքիր է տեսնել հատկապես տարածքային տարբերությունները. Ինչու՞ են որոշ մարզեր հաջողակ, իսկ մյուսները՝ ոչ: Պարզվում է, որ սոցիալական վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ կարևոր դեր ունի: Շատ հաստատություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ստիպում էին տեղական կառավարման մարմիններին ավելի լավ աշխատել: Այն մարզերում, որտեղ ընտանեկան-ազգակցական կապերն առավել ուժեղ էին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները թույլ, հասարակական վստահության մակարդակը և կառավարման մարմինների արդյունավետությունը ցածր էր: Այս խնդիրները զգալի են նաև ԱՄՆ-ում: Նայեք 29-րդ զուգահեռականից ներքև նահանգներում տեսեք տարբերությունը, ինչ է կատարվում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամերիկացիների մասնակցությունը սոցիալական հավաքներին նվազել է: Բոուլինգի օրինակով, որը ժողովրդական խաղ է, և ավանդաբար մարդիկ հավաքվում էին միասին, և խաղի ընթացքում նրանք քննարկում էին տեղական խնդիրները, այժմ մարդիկ խաղում են միայնակ: Եվ աա մի օրինակ է, թե ինչպես են հասարակության սոցիալական կապերը թուլացել և մարդիկ չունեն ընդհանուր ըմբռնում հանրային նշանակության խնդիրների շուրջ: Այսպիսով, երբ մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կառույցների մասին, պետք է հասկանանք, որ նրանք ոչ թե պետք է փոխարինեն կառավարություններին, այլ պետք է լավ գործընկեր հանդիսանան հանրային քաղաքականության ոլորտում: Այս ամենը տեղի է ունենում տարբեր մակարդակներում և եթե մարդիկ վախենում են շփվել կամ գործակցել, նրանք դա չեն անի:
– Իմ հաջորդ հարցը. Քանզի դուք Կանադայի առաջին և առայժմ միակ կին վարչապետն եք եղել, կցանկանայի լսել ձեր կարծիքը այս փոփոխվող աշխարհում կանանց դերի վերաբերյալ: Տիկին Քեմբել, արդյո՞ք մենք ունենք կանանց առաջնորդության կարիքը հաջող ճգնաժամային կառավարման համար: Այս հարցում մենք ունենք հաջողության պատմություններ Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Գերմանիայում, Թայվանում: Ի՞նչու են այս կանանց կողմից ղեկավարվող երկրները առավել հաջողում, քան մյուսները covid 19-ի պայմաններում:
– Կարծում եմ մենք ունենք կանանց առաջնորդության կարիքն ամեն տեղ: Հաճախ կանայք ունեն առավել լավ առաջնորդության հմտություններ, քան տղամարդիկ: Հարցն այն է, թե կանայք, որ ունեն առաջնորդության ունակություններ, արդյո՞ք նրանք ունեն առաջնորդելու շանս: Կանանց ձայնը կարևոր է, քանզի մենք կարիք ունենք լսելու հասարակության բոլոր անդամների ձայները և ես ցանկություն չունեմ բացառելու տղամարդկանց դերակատարությունը: Ես գիտեմ շատ լավ տղամարդ առաջնորդներ և ինձ համար շատ կարևոր մարդկանց մեծամասնությունը տղամարդիկ են: Ես չեմ հավատում, որ կանայք ավելի լավն են քան տղամարդիկ: Երբ կանայք և տղամարդիկ գործում են միասին նրանք ընդլայնում են միմյանց մտահորիզոնը, նրանք միմյանց օգնում են առավել լայնորեն հասկանալ մարտահրավերների էությունը: Ես կցանկանայի հասարակության մարտահրավերներին պատասխաններ փնտրելիս սեղանի շուրջ տեսնել կանանց և տղամարդկանց միասին: ԱՄՆ-ի այն նահանգներում, որոնք կառավարվել են կանանց կողմից, ոմանք եղել են հաջողակ, քան մյուսները և հաճախ դա կապված է եղել նրանց կուսակցությունների վերահսկողության խնդիրների հետ: Կարծում եմ, կանանց համար դժվար է առավել հաստատակամ և համոզիչ լինելը: Այն ձևը, որով կին առաջնորդները հաղորդակվցում են, ճգնաժամային պայմաններում կարող է շատ օգտակար լինել, քանզի նրանք վստահություն են ներշնչում: Եվ երբ կանայք ասում են մենք ստիպված ենք զոհողության գնալու, մարդիկ հասկանում են և գիտակցում դրա անհրաժեշտությունը: Կանանց դերակատարումը ոչ միայն մեծ է իբրև երկրների առաջնորդներ և աշխարհաքաղաքականության հարցերում, այլև տարբեր մասնագիտական գործունեության ոլորտներում: Օրինակ, Իտալիայում համաճարակի դեմ պայքարող բժիշկների կեսից ավելին կանայք են, բայց մենք չենք տեսնում նրանց հեռուստացույցով: Մարդիկ, ովքեր խոսում են հիմնականում տղամարդիկ են և դա թյուըմբռնում է առաջացնում, թե ովքեր են բժշկական ծառայություններ մատուցող մարդիկ: Կանայք շատ կարևոր դերակատարում ունեն: Նույն խնդիրը դպրոցներում է, կրթության ոլորտում: Հաճախ մարդիկ բողոքում են, որ ուսուցչի գործը շատ բարդ է և նրանք պետք է բարձր վարձարտվեն, միլլիոն դոլար նրանք ասում են: Գիտեք ուսուցիչների մեծամասնությունը նույնպես կանայք են: Հուսով եմ, որ նրանց սոցիալական ազդեցությունը առավել մեծ չափով կարժևորվի և դա առավել մեծ թվով կանանց հնարավորություն կտա ստանձնել առաջնորդության դերեր: Կարծում եմ այս աշխարհում մենք մեր բոլորի կարիքն ունենք: Շատ լավ հետազոտություններ կան, որ ցույց են տալիս այս իմացական բազմազանության կարևորությունը, երբ տարբեր հետագծերի տեր մարդիկ միաբերում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը: Դա հնարավորություն է ընձեռում ունենալ որոշումների կայացման ավելի լավ համակարգ, ազնվորեն քննարկել հասարակության խնդիրները և ՙփրկել մեզ մեզանից՚, մեր սխալներից: Հասարականության արգելափակման այս մարտահրավերներից մեկը կանանց վրա դրա ազդեցությունն է, քանզի խնամակալության պատասխանատվությունը մեծամասամբ կանանց վրա է: Կարծում եմ, սա ցույց է տալիս, որ կին առաջնորդները կարող են լինել շատ ուժեղ և արդյունավետ: Հետաքրքիր է Մարգրետ Թետչերի օրինակը, նա հայտնի չէ որպես ջերմ անձնավորություն, սակայն Ֆոլկլենդյան պատերազմի ընթացքում նա հայտնի է բրիտանացի զինվորների նկատմամբ իր հոգատարությամբ, և այդ հանգամանքը զինվորներին վստահություն էր ներշնչում: Նրա կանացի կողմը նրա այդ հոգատար վերաբերմունքի համար շատ կարևոր էր: Սա տարբեր է տղամարդ առաջնորդների դեպքում, օրինակ Չերչիլի դեպքում: Այս հարցերում հավասարակշռության կարիք կա: Ես միշտ ասում եմ, քաղաքականությունը աբստրակտ վարժություն չէ, իրական մսից և արյունից մարդիկ են ազդվում մեր գործողություններից: Կանայք սոցիալապես ավելի պատրաստված են արտահայտելու իրենց կարեկցանքը, և նման իրավիճակներում դա կարող է վստահության ներշնչման շատ հզոր գործիք լինել:
– Այո դուք ճիշտ եք, կանայք առանցքային դերակատարում են ունեցել համաճարակի առաջնագծում որպես առողջապահության ծառայողներ: Կարծում եմ սա կարևոր դաս է մեզ համար վերարժևորելու կանանց դերը մեր հասարակության մեջ հետ-համաճարակային աշխարհում: Կցանկանայի մեր զրույցն ամփոփել Հայաստանի մասին քաղաքական հարցով: Չգիտեմ, ձեր Հայաստանյան այցի ժամանակ դուք դեռ վարչապետ էի՞ք, թե ոչ:
– Իմ այցը վարչապետությունից շատ հետո էր, այս դարի սկզբներին, ես այցելել եմ ժողովրդավարության ամրապնդման միջազգային ծրագրերի շրջանակներում: Ինձ համար շատ հաճելի էր այդ այցը:
– Երկու տարի առաջ Հայաստանը ժողովրդավարության անցման մեծ փորձառություն ունեցավ. թավշյա, ոչ բռնի հեղափոխություն տեղի ունեցավ և նոր կառավարություն հաստատվեց, և նոր, երիտասարդ խորհրդարան ընտրվեց: Վերջերս թավշյա հեղափոխության մասին ես զրուցել եմ ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայի հետ, ով ասաց, որ թավշյա հեղափոխության քաղաքական սկզբունքները, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, պետք է օգտագործվեն Հայաստանի կառավարության կողմից իբրև փափուկ ուժի կարևոր գործիքներ միջազգային հարաբերությունների համակարգում Հայաստանի՝ իբրև կարևոր փոքր պետություն, ներգրավվածության համար: Կցանկանայի լսել ձեր կարծիքը, կարող է արդյո՞ք, ժողովրդավար փոքր պետությունը կարևոր դերակատարում ունենալ մեծ տերությունների համակարգում:
– Ներկա իրադրությունը մի փոքր այլ է, օրինակ Դոնալդ Թրամփը համակրում է դիկտատորներին և սա շոկային է իմ սերնդի քաղաքական գործիչների համար, որոնք գիտակցում են այն զոհողությունների արժեքը, որ արվել են երկու համաշխարհային պատերազմների ընթացքում ժողովրդավարության գաղափարները և արժեքները ամրապնդելու նպատակով: Սա դժվար է: Երիտասարդ տարիներին ես խորհրդային համակարգի մասնագետ էի և ես շատ գիտելիքներ ունեմ խորհրդային կառավարման համակարգի մասին և դրա առաջացրած մարտահրավերների մասին: Այդ մարտահրավերները դեռ մնում են հետխորհրդային տարածքում: Հետխորհրդային երկրների համար խնդիրը միայն առաջ շարժվելը չէ: Կան շատ բաներ, որ պետք է մոռանալ կամ վերակրթվել: Հայաստանի համար ժողովրդավարական կառավարության հաստատումը հիանալի ձեռքբերում է, դա ձոն է ձեր ժողովրդին: Կարծում եմ ժողովրդավարական հասարակություն դառնալը ձեզ բերում է ժողովրդավար երկրների ակումբ, մինչ դեռ ԱՄՆ-ի անդամակցությունը այդ ակումբին այս պահին անորոշ է ներկա նախագահի պատճառով: Հուսով եմ, որ շուտով այս իրավիճակը կշտկվի և ԱՄՆ-ը կվերստանձնի առաջնորդության իր դերը: Սակայն ներկայումս ավտորիտար համակարգերը վերահաստատվում են, նայեք Արևելյան Եվրոպային, ինչ է կատարվում Հունգարիայում, Լեհաստանում… Հայաստանի համար նաև շատ կարևոր է տնտեսական զարգացումը: Խոշոր ժողովրդավար երկրները, ինչպիսին է Կանադան, հետխորհրդային տարածքում ժողովրդավարական զարգացումները դիտարկում են որպես հրաշալի ձեռքբերում, այդ թվում և Հայաստանում, որի հետ մենք շատ կցանկանանք գործակցել: Առաջին հերթին հայերը շատ խելացի են: Դուք ունեք հնագույն պատմություն և մշակույթ: Աշխարհասփյուռ հայերը ահռելի ներդրում ունեն ողջ աշխարհում: Դուք ստեղծարար ժողովուրդ եք: Հայաստանում հաջողության արձանագրումը իրապես ոգեշնչող է: Մենք դեռ շատ մարտահրավերներ ունեք, covid 19-ը ընդամենը դրանցից մեկն է, մենք կլիմայական փոփոխությունների մարտահրավերի և շատ այլ մարտահրավերների առաջ ենք կանգնած, որոնք խելացի կառավարում և տեսլական ունեցող առաջնորդներ են պահանջում: Կարճ ասած, ժողովրդավարությունը կարող է դառնալ Հայաստանի ամենաուժեղ ակտիվը: Դուք կարող եք ասել, որ դուք հաստատեցիք ժողովրդավարություն ի հեճուկս այն պետական հաստատությունների, որ ժողովրդավարական չէին, և մենք պետք է մոռանանք մտածողության հին համակարգերը և վերասովորենք շատ բաներ: Սա իսկապես ձոն է ձեր երկրին: Կարծում եմ՝ երիտասարդությունը, որ քիչ է առնչվել հին սպասումներին, այդ հարցում կարևոր դեր ունի: Կարծում եմ՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակը քաջալերում և ոգեշնչում է նաև այլոց, և կարծում եմ՝ սա ձեր փափուկ ուժի մի մասն է: Մենք գիտենք, թե ժողովրդավարացումն ինչ բարդ գործընթաց է և ինչքան արժեքավոր: Մենք պետք է աջակցենք դրան: Ես մի կազմակերպության անդամ եմ, որ միավորում է ժողովրդավարական ընտրություններով ընտրված երկրների նախկին ղեկավարներին՝ նախագահներին և վարչապետներին: Մեր հիմնադիր հանդիպումը կայացել է Մադրիդում: Եվ այնտեղ ես ասացի, որ Մադրիդը խորհրդանշում է մի երկրի մայրաքաղաք, որն անցում է կատարել դիկտատուրայից ժողովրդավարության, մի բան, որ շատ երկրներ են ձգտում իրականացնել: Իսպանիան դեռևս ունի շատ մարտահրավերներ: 2001 թվականին, երբ մենք ստեղծեցինք այդ կազմակերպությունը, իսպանական փորձը շատ երկրների համար ոգևորիչ էր: Ֆրանկոյի օրոք իսպանական հասարակությունն ամբողջովին այլ բնույթի էր հասարակություն էր: Ժողովրդավարական հասարակությունը մի օրում չի կառուցվում, հասարակական փոփոխությունները շարունակվում են: Փոփոխությունները պետք է տեղի ունենան ամեն օր, ամեն օր մենք պետք է շարունակենք կառուցել և պատասխանել մարտահրավերներին: Սա շարունակական գործընթաց է, և յուրաքանչյուր պետություն, որ առաջանցիկ զարգացում է ապրում այս ասպարեզում, ոգևորում է մյուսներին և մեզ հույս է ներշնչում: Ինչն առավել կարևոր է, դա ոգեշնչում է ձեր սեփական ժողովրդին արարելու և կերտելու այն պետությունը, որին դուք արժանի եք: Այն պատկերացումը, որ հայերի նման հրաշալի հասարակությունը պատեհություն ունի իրականացնելու այն ամենը, որն ունակ է իրականացնել, լավ նորություն է աշխարհի համար, քանզի հայերը տաղանդավոր և քաղաքակիթ ժողովուրդ են: Ես ողջունում եմ սա և իրապես հույս ունեմ, որը Հայաստանը կշարունակի մաս կազմել ժողովրդավար երկրների ակումբին:
– Տիկին Քեմբել, շատ շնորհակալ եմ ձեր գաղափարները և կարծիքները մեզ հետ կիսելու համար: Շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Շատ հաճելի էր զրուցել ձեզ հետ:
– Շնորհակալություն: Ձեզ շնորհակալություն նոր հայկական ժողովրդավարության մաս կազմելու համար: Մաղթում եմ ձեզ լավագույնը ձեր խորհրդարանական գործունեության ասպարեզում: Եվ հիշի՜ր, ժողովրդավարության պայմաններում մարդիկ քննադատում և բղավում քեզ վրա, և դա նորմալ է, դա է ազատությունը, անձնական մի ընդունիր… մաղթում եմ ամենայն բարիք:
– Շնորհակալություն:











































