Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան բանակցային գործընթացին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Հարցին՝ Արցախի հարցի կարգավորման մեջ ո՞ր բաղադրիչն է, որ ձեր ժամանակից հետո բացակայում է, որից դուք հնարավոր է անհանգստանում եք, թելը որտե՞ղ է կտրվել՝ Քոչարյանը պատասխանեց, որ 88-ից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա. «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների եւ տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է: Այս դաշտում հարցը լուծում չունի: Թելը կտրելը կապված է նրա հետ, որ տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ՝ հարցի կարգավորումը այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքի վրա է դնում:
Ես չեմ հասկանում ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ այդ հայտարարությունը ալեգորիկ նշանակություն ունի ՀՀ իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում ու երբ դրա հետ զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի, որը կբավարարի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համադրելու «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը այն տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ես չգիտեմ, թե որտեղ են հատվում այդ երկու բանաձեւը»:
Շարունակությունը՝ այստեղ









































