Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Միակ հնարավոր ճանապարհը խաղաղությունն է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում իրավիճակի սրացման առնչությամբ իրենց մտահոգություն էին հայտնել նաև Իսպանիայի այլ գործիչներ: Մասնավորապես, իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը «Թվիթեր»-ում նշել էր, որ իրեն անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Նա ընդգծել էր, որ Արցախը Հայաստան է:
Իսպանիայի Contigo (Contigo Somos Democracia) սոցիալ-լիբերալ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Enrique Aguar Vila) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում աջակցություն էր հայտնել խաղաղասեր հայ ժողովրդին՝ ավելացնելով, որ երրորդ երկրների միջամտությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկն էլ «Թվիթեր»-ում գրել էր, որ իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Պատգամավորն ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի: