Տպավորություն է, որ Տավուշյան սրացման կոշտ արձագանքից հետո ներքաղաքական կյանքում իշխանությունն ինքն է գնում կոշտության՝ չսպասելով սրացման: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ:
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում նշում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հարցով վարույթ սկսելու մասին: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Գագիկ Ծառուկյանը, հավատարմագրային կառավարման հանձնած լինելով իր սեփականությունը, այդուհանդերձ մասնակցել է կոնցեռնի ընդհանուր ժողովին, ստորագրել տնօրենի փոփոխության արձանագրությունը, ներկայացրել նոր թեկնածու, նաև տվել հանձնարարականներ: Եթե Հանձնաժողովը հաստատի, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես խախտել է համատեղելիության օրենսդրական պահանջը, սահմանադրական պահանջը, ապա դա կնշանակի, որ առնվազն պետք է զրկվի մանդատից, իսկ առավելագույն պարագայում կարող է հարուցվել նաև քրեական գործ:










































