Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) աշխատակիցներն այսօր լրագրողների հետ Հրազդանում այցելեցին 2 սուպերմարկետներ: 5-10 րոպե մոնիտորինգի արդյունքում 2 խանութներում էլ հայտնաբերվեցին խախտումների դեպքեր. ներկրված և տեղական («Գետամեջ» և «Ոսկե հավ» ընկերությունների արտադրանքը) սառեցված հավերի վրա նշված չէին արտադրության ժամկետները, ներկրված մթերքի և տնտեսական որոշ ապրանքների վրա բացակայում էր հայերեն մակնշումը, խանութներից մեկում վաճառվում էր տեղական արտադրության ոչ բնական մեղր, որի որոշ տուփերի վրա առկա պիտակներից բացակայում էր բաղադրությունը, պիտանելիության ժամկետը, իսկ առևտրային տեսքն ընդհանրապես բացակայում էր:
«Պատասխանատվություն կկրի թե՛ ներկրողը, թե՛ արտադրողը: Սա դեռ 10 րոպե շրջայցի ընթացքում բացահայտեցինք, եթե էլի շրջենք, ավելի շատ խախտումներ կբացահայտենք»,- լրագրողներին ասաց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը:
ՏՄՊՊՀ աշխատակիցները կազմեցին արձանագրություններ, կատարեցին հսկիչ գնումներ, որոնց հիման վրա հետագայում կկատարվեն որոշակի վերլուծություններ:
Վաղը Հանձնաժողովը կայցելի Արմավիր քաղաք:








































