Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը չի լքի կոալիցիան, եթե կառավարությունը ներողություն խնդրի Թուրքիայից։
Դրանով Լիբերմանը հասկացրել է, որ, ամեն դեպքում, Իսրայելի կառավարությունը կարող է ներողություն խնդրել Թուրքիայից «Մավի Մարմարա»-ի միջադեպի համար։
Նշվում է, որ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, Երուսաղեմում տեղի է ունեցել հատուկ նիստ, որում քննարկվել են Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամին վերջ դնելու ուղիները, այդ թվում՝ նաև այսպես կոչված «ներողության նախագծի» ընդունման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելու ամենակատաղի հակառակորդն է։ Ավելին, նախորդ տարեվերջին Լիբերմանը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Իսրայելից և ոչ թե հակառակը.
«Եթե որևէ մեկը պետք է ներողություն խնդրի մեր սահմանները խախտելու լկտիության համար, ահաբեկիչների հետ կապերի, ահաբեկչությանը, մասնավորապես՝ ՀԱՄԱՍ-ին, «Հիզբոլլահ»-ին և IHH «իրավապաշտպան» կազմակերպությանն աջակցելու համար, ապա դա Թուրքիան է»։











































