Համավարակի հաղթահարումից հետո և նույնիսկ դրանից առաջ քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը և պետք է հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն հայտարարությանը, որ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։
«Կարծում եմ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյո՞ք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի մեջ, ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմում նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերն արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդավարական գնահատականի»,-ասաց վարչապետը։









































