Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Բարձրագույն դատական խորհրդի դիմումը։ Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ՍԴ պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն, քննելով ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, մայիսի 15-ին որոշում կայացրեց կասեցնել Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:
Իսկ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էին ԲԴԽ երեք անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանն ու Մեսրոպ Մակյանը։ Հենց նրանք էլ ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այն, սակայն հենց քննության սկզբնական փուլում հարց առաջացավ՝ արդյոք դիմումատուները կարո՞ղ են քննել ու որոշում կայացնել իրենց իսկ դիմումի վերաբերյալ: Հենց այս իրավական խնդրի պարզաբանման համար էլ ԲԴԽ-ն որոշեց դիմել ՍԴ:
Կարգապահական վարույթ հարուցելու պատճառը եղել էր Սահմանադրական դատարանի կողմից Արայիկ Մելքումյանի գործով կայացված հայտնի որոշումից հետո Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքը, որտեղ Հովհաննիսյանը գտել էր, որ ԲԴԽ-ն ՍԴ-ի որոշումը մեկնաբանել էր հօգուտ դատավորների անպատժելիության։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն իր այդ որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորների լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ ԲԴԽ-ն, սակայն, ըստ էության չընդդիմացավ ՍԴ-ի որոշմանը, իր լիազորությունների կրճատմանը և փաստացի ընդունեց ՍԴ-ի այդ որոշումը։ Միայն Հայկ Հովհաննիսյանը իր հատուկ կարծիքով ընդդիմացավ ՍԴ որոշմանը, որի պատճառով հայտնվեց կարգապահական վարույթի առանցքում։ ԲԴԽ երեք անդամները գտան, որ իր հատուկ կարծիքում Հովհաննիսյանը վարքագծի կանոններ է խախտել։ Բացի դրանից՝ օգտագործվել են քաղաքական ձևակերպումներ, և դրանով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Վերջում էլ գտան, որ իրենք չեն կարող քննել այս վարույթը, քանի որ դիմումի հեղինակ են ու որոշեցին օգնության կանչել ՍԴ-ին։
Փաստացի ստացվեց, որ սպասվող վեթինգին ընդառաջ, ընդունելով ու ճանաչելով ՍԴ որոշումը, ԲԴԽ-ն փաստացի դատավորներին տվեց անպատժելիության «թուղթ»՝ ինդուլգենցիա։ Դրան ընդդիմացած Հայկ Հովհաննիսյանը գրեց հատուկ կարծիք, որի հիման վրա հարուցվեց կարգապահական վարույթ։
ԲԴԽ նախագահն ու անդամները չէին կարող չիմանալ, որ վարույթ նախաձեռնելուց կարող են նման իրավական խնդրի բախվել, որ իրենք չեն կարող քննել իրենց իսկ հարուցած վարույթը։ Սակայն գնացին այդ քայլին, քանի որ իրականում վարույթը կասեցնելն ու այն ՍԴ ուղարկելը կոնկրետ նպատակներ էր հետապնդում։
Առաջին նպատակն այն էր, որ ԲԴԽ նախագահն ու անդամները գիտեին, որ եթե վարույթ հարուցեին ու որոշում կայացնեին Հովհաննիսյանին ենթարկել պատասխանատվության, ապա վերջինս կարող էր այնպիսի բացահայտումներ անել, որը կարող էր հանգեցնել ընդհուպ ԲԴԽ նախագահի ու որոշ անդամների հրաժարականի։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ԲԴԽ-ն, դիմելով ՍԴ, որոշակի ժամանակով ինքն իրեն անձեռնմխելի ու անպատժելի է դարձնում, որովհետև միայն ԲԴԽ խորհրդի անդամները կարող են վարույթ հարուցել ԲԴԽ խորհրդի նախագահի կամ անդամների նկատմամբ։ Եվ հիմա, երբ ԲԴԽ-ն իր կողմից վարույթ հարուցելու իր լիազորությունները դրեց հարցականի տակ ու դիմեց ՍԴ, ապա մինչև ՍԴ-ն իրավական դիրքորոշում չհայտնի, ԲԴԽ նախագահն ու խորհրդի անդամները անձեռնմխելի են։ Ավելին, եթե ՍԴ-ն որոշի բավարարել ԲԴԽ-ի դիմումը և հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի այդ իրավազորությունը ԲԴԽ նախագահի կամ անդամների նկատմամբ վարույթներ հարուցելու և քննելու վերաբերյալ, ապա կստացվի, որ մինչև կառավարությունը նորից փոփոխություններ չնախաձեռնի և այդ փոփոխությունը չընդունվի ԱԺ-ի կողմից, ապա ստորագրվի նախագահի կողմից, ապա ստացվում է, որ ԲԴԽ անդամները և նախագահը այդ ընթացքում, մոտ 5-8 ամիս անձեռնմխելի լինելու լրացուցիչ ժամանակ են շահելու։
«Առաջին լրատվական»-ը փորձեց թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հայկ Հովհաննիսյանից, սակայան վերջինս չմեկնաբանեց:









































