ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը: ANCA-ի՝ պետական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով ենթահանձնաժողովին, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը։
Երիմյանն իր խոսքում ընդգծել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախում Halo Trust կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը: «ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության ծրագիրը շատ փոքր ծախս է, սակայն դա ԱՄՆ-ի կողմից ահռելի ներդրում է խաղաղության հարցում»,-հայտարարել է Երիմյանը:
Բացի այդ, ANCA-ն ԱՄՆ-ից Հայաստանի համար 90 մլն դոլար օգնություն է խնդրել՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: