SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ:
Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կրակոցների վայրից բավական հեռու՝ բնակելի շենքերի բակում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Nissan Teana մակնիշի 36 ՏR 467 համարանիշի, Lexus GS 450հ մակնիշի 10 AG 100 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի մի քանի՝ և արնանման հետքեր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ կա վիրավոր կամ վիրավորներ: Այդ տեղեկությունը օպերատիվ ճանապարհներով ճշտվում է:










































