Հատուկ Քննչական ծառայության ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է, սակայն քրեական գործով մեղադրյալ չկա։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Ի՞նչ պատճառով ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի ու կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ որոշում կկայացնանք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարցումն ուղարկվել է 8-9 ամիս առաջ։
Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այդ դրվագին չի առնչվում։ «Մենք չենք ստացել դեռ մեր քննչական պահանջի պատասխանը, հետևաբար մանրամասներ չեմ կարող ասել»,- նշեց նա։







































