Ոժային կառույցներում նոր փոփոխություններ են տեղի ունեցել. նշանակվել են ԱԱԾ, Ոստիկանության և ԶՈՒ Գերագույն շտաբի նոր պետեր: Այս նշանակումները համընկան նաև վարչապետի՝ աշխատանքային նորմալ ռեժիմի արագ վերադարձի հետ, և հենց այս հանգամանքն էլ կարևորելով՝ այս թեման դարձել է ամենաշատ քննարկվողը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Արիս Վաղարշակյանը:
Ուժային կառույցներում անսպասելի արմատական փոփոխությունների իրականացումից ստեղծվել է տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները խուսափել են հեղաշրջման փորձից: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ հեղաշրջում իրականացվում է այն երկրներում, որտեղ կա ոչ լեգիտիմ իշխանություն, իսկ եթե իշխանությունը վայելում է հասարակության մոտավորապես 70 տոկոսի համակրանքը, հնարավոր չէ հեղաշրջում իրականացնել: «Հայաստանում հեղաշրջմամբ հնարավոր չէ իշխանափոխության հարց լուծել, այդպիսի փորձերով հնարավոր է քաոս ստեղծել, և կարող են այդպիսի շահագրգռություն ունեցող շրջանակներ լինել, բայց ոչ Հայաստանի ներսում: Խաղացողներն, իհարկե, Հայաստանի ներսում են, բայց նրանց կարող են օգտագործել դրսից: Ոչ վաղ անցյալում այդպիսի օրինակ ունեցել ենք, երբ Հայաստանի խաղացողներին օգտագործել են Հայաստանի ինքնիշխանության դեմ»,- նշեց վերլուծաբանը: Նրա խոսքով՝ ուժային կառույցներում փոփոխությունները կարող են ունենալ տարբեր պատճառներ. «Անկասկած Փաշինյանի այս քայլը ուժի և վճռականության քայլ է Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերզամի դեմ, որի մասշտաբները հայաստանյան չեն»:
Արիս Վաղարշակյանի կարծիքով՝ եթե հայտնի շրջանակներն այսօր-վաղը հեղաշրջման փորձ անեն, կձախողվեն, քանի որ ժողովուրդն անմիջապես դուրս կգա փողոց և կվիժեցնի այդ պլանները:
Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ որոշ ուժերի սկսել է թվալ, թե իշխանությունն արդեն թուլացել է, վարչապետն էլ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով կտրված է գործերին անմիջական մասնակցություն ունենալուց, հետևապես որոշել են ստեղծել զանգվածային հիասթափման մթնոլորտ, որը կհեշտացներ իրենց հետագա քայլերը: «Նրանք սպասարկում են իշխանությունը բռնազավթած կազմակերպված խմբավորման օրակարգը և ուզում են վերաբռնազավթել իշխանությունը: Սա անտաղանդ «ընդդիմություն» է՝ կորոնավիրուսային ժանտախտի ժամանակ, որի խայտառակ ներկայացումը հեփի էնդ չի ունենալու իրենց համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































